Պատերազմն «ինդուլգենցիայի» վերածելու վտանգավոր փորձը

Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրությունը վերածվել է Հայաստանի երեք նախագահների «ինդուլգենցիայի» փորձի, կամ ավելի շուտ՝ նրանք փորձում են «ինդուլգենցիայի» վերածել Արցախի դեմ 44-օրյա պատերազմը, թեև որքան նրանք փորձում են հասնել դրան առավել աշխույժ, այդքան առավել ցայտուն է դառնում նրանց գործունեության հետևանքի ամբողջ ծանրությունը:

Ստացվել է այնպես, որ այդ հետևանքի մասին խոսակցությունը կամա, թե ակամա վերածվում է «ալիբիի» ներկայիս իշխանության համար, որը անցնող երեք տարիներին հեղափոխականից այդպես էլ չվերածվեց քաղաքականի, թեև այդ հարցում ևս իր մեծ լուման ունի Հայաստանը կառավարած նախկին համակարգը, որն արեց ամեն ինչ ինքնապահպանության համար, թեուզ այսպես ասած քաղաքական ընդդիմության կարգավիճակում: Իսկ այդ կարգավիճակում պահպանման համար պետք էր թույլ չտալ, որպեսզի Հայաստանում ձևավորվի նոր քաղաքական իշխանություն, որովհետև նոր քաղաքական իշխանությունը մեծ հավանականությամբ ենթադրելու էր նոր քաղաքական ընդդիմության ձևավորման նպաստավոր միջավայր: Սա անշուշտ առանձին խոսակցության և դիտարկման թեմա է:

Թեև նախկին համակարգի գործունեության հետևանքը ակամա «ալիբի» է ծառայում ներկայիս կառավարող մեծամասնության համար, այդուհանդերձ այստեղ կան շատ ավելի խորքային անհրաժեշտություններ, որպեսզի հասարակությունը տա իր համարժեք գնահատականն ու թույլ չտա այդ համակարգի վերարտադրություն որևէ իշխանության տեսքով: Բանն այն է, որ Հայաստանը ներկայիս ցավագին հանգրվանին հասել է հենց այդ համակարգի շղթայական գործունեության հետևանքով, ընդ որում սկսած ոչ թե երկրորդ, այլ առաջին նախագահի պաշտոնավարման շրջանից:

Ի վերջո, երկրորդ նախագահը առաջինի պաշտոնավարման հետևանքն է, ինչպես երկրորդի հետևանքն է երրորդը:

Ի վերջո, Հայաստանի համար հիմնարար հարցը այն է, թե ինչու, ինչպես՝ արցախյան շարժման իրապես ինտելեկտուալ, իրապես քաղաքական, գաղափարական բազմազանությամբ աչքի ընկնող ռեսուրսը անկախ Հայաստանի քաղաքական համակարգը ձևավորելու փոխարեն, զիջեց իր տեղը տարատեսակ միջակությունների: Անշուշտ, առաջնային պատասխանատվությունն այդ ռեսուրսը կրողներինն է, որոնք փաստորեն բավականին կենսունակ չեղան իրենց տեսակը, որակը պաշտպանելու, երկրի իրապես պետական էլիտայի ձևավորման գործում կռիվ տալու համար: Միևնույն ժամանակ սակայն, դրա համար նույնքան պատասխանատու են նաև մարդիկ, որոնք կազմավորեցին իշխանությունն ամենասկզբում և պատասխանատու էին քաղաքական առողջ համակարգի սերմեր գցելու համար, բայց փոխարենը գցեցին բոլորովին այլ սերմեր, որոնց պտուղներից ավելի շատ օգտվեցին Հայաստանի և Արցախի թշնամիները, քան Հայաստանն ու Արցախը:

Բավականին դյուրին է իհարկե մեղադրել «վայրի արջի ցեղերին», բայց որևէ տեղ այդ ցեղերը չեն բացակայել և որևէ տեղ այդ «ցեղերը» իրենք իրենց չեն հանձնվել կամ նահանջել պետական իշխանության և պետական էլիտայի ձևավորման համար պայքարում: Նրանք հեռացել կամ տապալվել են այնտեղ, որտեղ որակապես ավելի բարձր, գաղափարական, պետական գիտակցությամբ և արժեհամակարգով խմբերն ու անհատները տվել են կռիվ, պայքարել են այդ որակները համակեցության նորմ դարձնելու համար: Հակառակ պարագայում, լավագույն դեպքում դարձել են այսպես ասած տեսաբաններ, ինչը ժանրի շրջանակում ունի հույժ կարևոր նշանակություն իհարկե, որովհետև ի զորու է ձևավորել նոր սերնդի մտածողություն, բայց պրակտիկ առումով ունի խիստ ցածր ՕԳԳ, որովհետև ցածրորակ քաղաքական շերտավորումները շարունակում են իրենց ամենօրյա կռիվը, ոչ թե զբաղվում լոկ տեսաբանությամբ, այն էլ երբ այդ զբաղմունքի նպատակը շատերի կամ որոշների դեպքում ընդամենն անձնական փառասիրությունը հանրության հաշվին բավարարելն է:

Այդ իմաստով, խորհրդարանի արտահերթ այս ընտրությունը պետք է լինի թերևս նախկին համակարգի «մեղքերի թողությունը» մերժելը: Հանրությունը պետք է լինի ոչ թե «խոստովանահոր», եվ ոչ էլ իհարկե դատավորի կամ արբիտրի, այլ պահանջատիրոջ դերում, պահանջելով նորը՝ թե որակական, թե գաղափարական, թե բովանդակային իմաստով: Հակառակ պարագայում, ընտրությանն «ինդուլգենցիա» տալով Հայաստանի անցնող երեք տասնամյակի անարդյունավետ ընթացքի համար պատասխանատու որևէ ուժի, հանրությունը հետո ինքն է ունենալու դրա անհրաժեշտությունը, սակայն չի լինելու մեկը, որը առավելագույնը՝ ընտրակաշառքից բացի, կտա որևէ այլ «թուղթ»:

Հեղինակ՝ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Оставьте комментарий