Քոչարյանը պոլիտբյուրոյական մտածելակերպից դուրս չի եկել. Նա մնացել է Ստեփանակերտի Մետաքսի կոմբինատի պարտկոմի մակարդակի

Սորոսական գրասենյակները կարգելվեն կամ դրանց գործունեությունը խիստ կսահմանափակվի: Այդ մասին հունիսի 13-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում նախընտրական քարոզարշավի հանրահավաքի ընթացքում հայտարարել է երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքով՝ նախ կձևավորվի օրենսդրական բազա, որից հետո կամ կսահմանվեն խիստ կսահմանափակումներ, կամ այդ կազմակերպությունների գործունեությունը կարգելվի: «Կամ նրանք կարգելվեն, կամ կգործառնեն՝ որպես միջազգային գործակալներ խիստ վերահսկողության ներքո»,-ասել է Քոչարյանը: Նա հիշեցրել է, որ նույն այդ արևմտյան երկրներում գործում են խիստ սահմանափակումներ արտաքուստ ֆինանսավորվող կազմակերպությունների գործունեության կապակցությամբ:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի Գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Քոչարյանի ասածներին, նկատեց, որ Քոչարյանը հերթական անգամ անթաքույց ու հրապարակավ հայտնում է, որ ինքը իր ողջ մտածելակերպով և բնույթով, գաղափարախոսությամբ, արժեքներով հանդիսանում է  հակաժողովրդավարական և հակաքաղաքակրթական, և դա պայմանավորված է իր իսկ խոստովանությամբ իր գաղափարական հոր՝ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած  քիմիայով։ «Քոչարյանը հերթական անգամ ապացուցում է, որ ինքը բացառապես չունի որևէ օրակարգ, քան ազատությունների սահմանափակումը, ժողովրդավարական ազատությունների սահմանափակումը, որն արդեն իսկ դրսևորվել է նրա նախագահության օրեք։

Մի բան, որ Քոչարյանը այդպես էլ չի հասկանում, որ ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունը հնարավոր է միայն ժողովրդավարության պայմաններում և միջոցով։ Բայց դա իրենք չեն ուզում, որովհետև ինքը միայն իրեն է տեսնում որպես պետության գոյության երաշխավորը և իր անձնական նկատառումների վայր է տեսնում, որը հիմնված է բռնությունների, սահմանափակումների, համակարգային կոռուպցիայի վրա։ Միայն ժողովրդավարությունը կարող է երաշխավորել թափանցիկ կառավարում, իրավունքի, օրենքի գերակայութուն»,-ասաց Սաքունցը՝ հավելելով, որ վերջիվերջո Ռոբերտ Քոչարյանը չի հասկանում մի պարզ օրինաչափություն, որ աշխարհը, քաղաքակրթությունը անցել է ժողվորդավարության զարգացման ճանապարհով տոտալիտար, ստրկատիրական կառավարումները տապալելու ուղղությամբ։  «Սա է կարմիր թելով անցնող  տրամաբանությունը։ Իսկ ինքն իր ողջ տրամաբանությամբ հակամարդկային, հակաժողովրդավարական, հակամարդկային է և չի հասկանում, որ ինքը իր աջակիցների հետ միասին այլևս անելիք չունի Հայաստանում»,-ասաց Սաքունցը։

Իրավապաշտպանը Քոչարյանին հիշեցնում է նրա նախագահության օրոք մարդու իրավունքների խախտումների փաստերը, ՄԻԵԴ-ի կողմից ընդդեմ Հայաստանի կայացված վճիռները, որոնք հիմնականում վերաբերել են հիմնարար ազատությունների, կարծիքի ազատ արտահայտման, հավաքների ազատությունների սահմանափակումներին։ «Իր կառավարման օրոք հետապնդումների փաստերը արձանագրված են ՄԻԵԴ-ի կողմից, մի կառույցի կողմից, որին ժամանակին ինքը այնպիսի գնահատական էր տալիս, թե «պալիտ բյուրո է»։ Քոչարյանը պոլիտբյուրոյական մտածելակերպից դուրս չի եկել։ Նա մնացել է Ստեփանակերտի Մետաքսի կոմբինատի պարտկոմի մակարդակի։ Նա ոչինչ էլ չի սովորել։ Այդ մարդը ընդունակ չէ սովորելու»,-եզրափակեց իրավապաշտպանը։

Հեղինակ՝ Սոնա Հարությունյան

Оставьте комментарий