Էրդողանը Պուտինին «վերջնագիր» ներկայացրեց

Մենք կոռեկտ չենք համարում խառնել Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցերը եւ երրորդ երկրների հետ Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների թեմաները: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահի այցը օկուպացված հայկական Շուշի։

«Մենք ելնում ենք նրանից, որ տարածաշրջանում երկկողմ կապերը, այդ թվում` ռազմական գծով, չպետք է կառուցվեն այլ պետությունների դեմ: Մենք վճռականորեն աջակցում ենք այն քայլերին, որոնք ուղղված են Երեւանի և Բաքվի և Երևանի ու Անկարայի միջեւ երկխոսության կարգավորմանը: Հարավային Կովկասում փոխգործակցությունը պետք է զարգանա բարիդրացիության սկզբունքների հիման վրա` հաշվի առնելով եւ հավասարակշռելով տարածաշրջանի բոլոր երկրների շահերը»,- ասել է նա:

Մարիա Զախարովան այդպես էլ չի պատասխանել «Ռուսաստանի կողմից ստորագրված Կարսի պայմանագրի հիման վրա» հռչակագիր ստորագրած Էրդողանի և Ալիևի հարցին` դուք մեզ հե՞տ եք, թե ոչ:

Թուրքերը շարունակում են ճնշումը։ Ռուսաստանը դրական է վերաբերվում «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Նա նշել է, որ Մոսկվայի կողմից նախագծին խոչընդոտելու որեւէ մտադրություն չի տեսնում։

Էրդողանը չի բացառել, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև համագործակցության խորացման մասին Շուշիում կնքված համաձայնագիրը կարող է ներառել Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի ստեղծում: «Դա դուրս չի գալիս հռչակագրի դրույթներից։ Այդ թեման կարող է իր զարգացումը ստանալ Պուտինի հետ Ալիեւի հանդիպման ընթացքում», ասել է Էրդողանը, ավելացնելով, որ ինքն էլ է հանդիպելու Պուտինին:

Դատելով Մարիա Զախարովայի պատասխանից ՝ Ռուսաստանը կայունության կոչերից բացի ասելիք չունի։ Կարելի՞ է Պուտինի և Ալիևի կայանալիք հանդիպումը համարել «ստանալ-հանձնելու» ակտ։

Оставьте комментарий