ՌԴ դեսպանն ակամայից խոստովանեց, որ Մոսկվան անզոր է Բաքվի առաջ

Ադրբեջանում գտնվող հայ գերիների վերադարձի հարցը մշտապես գտնվում է Ռուսաստանի ուշադրության կենտրոնում, լրագրողներին ասել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը: «Ռուսաստանն ի սկզբանե արել է և անում է հնարավոր ամեն բան, որպեսզի գերիների վերադարձն իրականացվի և գործընթացն այս ուղղությամբ առաջ գնա:

Այստեղ մեծ է անձամբ գեներալ Մուրադովի՝ խաղաղապահ ուժերի հրամանատարի դերը: Այս հարցով զբաղվում են նաև Ռուսաստանի նախագահը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը: Բայց դա այդքան էլ հեշտ չէ, այս խնդրի լուծումը մեծ ջանքեր է պահանջում», ասել է դեսպանը:

Դեսպան Կոպիրկինն իհարկե չէր ասի, որ հայ գերիներին չազատելու հարցում նույնքան շահագրգիռ է նաեւ Մոսկվան, քանի որ գերիների առկայությունը հայկական կողմի վրա ճնշում բանեցնելու միջոց է: Թեեւ այդ մասին գրեթե բաց տեքստով բազմիցս հայտարարել է դեսպանի ղեկավարը՝ ԱԳ նախարար Լավրովը, երբ այդ հարցին ի պատասխան հայտարարում է, որ գերիների ու մնացած հարցերը պետք է լուծվեն միաժամանակ: Այսինքն՝ բացեք Մեղրիի միջանցքը, ստորագրեք դեմարկացիոն պայմանագիրը գերիների դիմաց:

Բայց որպեսզի դա բաց չխոստովանի, դեսպան Կոպիրկինը կամա թե ակամա հայտարարում է, որ Ռուսաստանն իր առաջին դեմքերի մակարդակով՝ նախագահ, պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարներ, անզոր է լուծել այդ հարցը, անզոր է Բաքվի առաջ:

Դա այդքան էլ հեշտ չէ, ասում է դեսպանը, այդպիսով հստակեցնելով իրավիճակը՝ Մոսկվան կամ չի ուզում, կամ չի կարողանում: Նման «դիլեմաների» առաջ Ռուսաստանը պարբերաբար կանգնում եւ կանգնելու է իր հակահայ քաղաքականության արդյունքում: Իսկ ճշմարտությունը նույնիսկ մեջտեղում էլ չէ՝ Մոսկվան իր պրոքսի գործիք Բաքվի միջոցով իրականացնում է իր պլանները:

Оставьте комментарий