Սերժ Սարգսյանը կսահմանի ԱԺ-ում Ռոբերտ Քոչարյանի դաշինքին աջակցության գինը, երբ վերջինս ունենա «Պատիվ ունեմ»-ի կարիքը․ Հակոբ Բադալյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը BBC-ին տված հարցազրույցում ի տարբերություն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ընդունել է ընտրություններում Նիկոլ Փաշինյանի հաղթանակը․ «Այո, ես կարծում եմ նա հաղթել է ընտրություններում, բայց շատ հարցեր են առաջանում այդ հաղթանակի հետ կապված»,-ասել է Սերժ Սարգսյանն ու ընդգծել ընտրություններից առաջ «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունը, վարչական ռեսուրսի կիրառումն ու իրենց ակտիվիստների նկատմամբ ճնշումները։ 

Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը Civic.am-ի հետ զրույցում անդրադառնալով Սերժ Սարգսյանի խոսքին՝ նշեց, որ նա օբյեկտիվ ճշմարտություն է արձանագրել, թե՛ խոսելով ընտրապայքարի շրջանում շտաբերի ղեկավարների ազդեցությունների և ընտրախախտումների մասին, թե՛ իշխանության ստացած քվեների քանակի մասին․ «Երկու դեպքում էլ կա օբյեկտիվ ճշմարտություն, մենք տեսնում ենք, որ բերվում են փաստեր ընտրախախտումների վերաբերյալ, բայց միևնույն ժամանակ մինչ այս պահը վերահաշվարկի արդյունքում թեպետ խախտումներ արձանագրվել են, բայց ոչ այն աստիճան, որ ազդեին ընտրությունների արդյունքների վրա։ Կա նաև օբյեկտիվ ճշմարտություն, որ ընտրազանգվածն իր ձայներն է տվել «Քաղաքացիական Պայմանագրին»։ 

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն էլ ընդգծեց, որ եթե Սերժ Սարգսյանը նույնիսկ ասի, որ Նիկոլ Փաշինյանը չի հաղթել՝ դրանով Ռոբերտ Քոչարյանը իշխանություն չի դառնում, և ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի՝ նա չի վիճարկում հաղթանակը և չի վիճարկում արդյունքը․ «Աժ-ում գործելու են երկու ընդդիմադիր ուժեր, որոնք ինչպես ունեցել են, այնպես էլ ունեն մրցակցություն միմյանց միջև։ Եվ եթե ԱԺ-ում առաջանա միմյանց դիրքորոշման աջակցության փոխադարձ անհրաժեշտություն, ապա այդ մրցակցությունն իրեն զգացնել է տալու։ Այս իմաստով Ռոբերտ Քոչարյանի դաշինքը լինելով երկրորդը՝ խորհրդարանում շատ դեպքերում կունենա «Պատիվ ունեմ» դաշինքի աջակցության կարիքը և այստեղ Սերժ Սարգսյանը կսահմանի այդ աջակցության գինը»։ 

Քաղաքական մեկնաբանն ընդգծեց նաև, որ նոր ձևավորվող խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունը չի ունենալու ձայների 3/5-րդ-ը, որպեսզի սահմանադրական փոփոխություններ ընդունի և այս պարագայում ընդդիմության ձայների անհրաժեշտություն է լինելու․ «Եվ այսպիսի օրենսդրական հնարավոր նախաձեռնությունների դեպքում՝ ինչպիսի՞ քաղաքական պրոցեսներ կծավալվեն, սա կլինի հետաքրքիր ինտրիգ»,-հավելեց նա։  

BBC-ի հետ զրույցում Սերժ Սարգսյանը թեպետ ասել է, որ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համար չի մեղադրում Նիկոլ Փաշինյանին, բայց հերթական անգամ արտահայտել է վարչապետի պաշտոնակատարին ուղղված «կապիտուլյանտ» բառը․ «Մենք մեղադրում ենք կապիտուլյանտին, ոչ թե նրա համար, որ նա ստորագրել է եռակողմ հայտարարությունը, երբ ադրբեջանցիներն արդեն գրավել էին Շուշին և շատ մոտ էին գտնվում Ստեփանակերտին, այլ իրավիճակի համար, որը նա ստեղծեց։ Նա հնարավորություններ է ունեցել կանգնեցնելու պատերազմը։ Եվ սա իմ ենթադրությունը չէ, այլ այս մասին ասել է ՌԴ նախագահը իր հայտարարություններում»,-նշել է նա։

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը ընդդիմության կողմից պիտակավորվել էր «դավաճան», «կապիտուլյանտ» և նմանատիպ այլ բառերով։

Հակոբ Բադալյանն ընդգծեց, որ այս բառերի առաջնային նպատակը Նիկոլ Փաշինյանի վարկանիշը հնարավորինս իջեցնելն էր, ինչը բացահայտ արեց Ռոբերտ Քոչարյանը նախընտրական շրջանում՝ ասելով, որ իրենք ամեն ինչ անելու են Փաշինյանի վարկանիշը զրոյացնելու, իր խոսքով՝ քոքին հասցնելու համար․ «Այդ բառամթերքը միտված էր հենց այդ խնդիրը լուծելուն, բայց տեսանք, որ չլուծեց, որովհետև հասարակությունը ավելի լայն գնահատեց ինչ է տեղի ունեցել։ Գուցե քաղաքական ուժերն էլ էին լավ պատկերացնում, բայց առաջնորդվում էին քաղաքական նպատակներով»։    

Քաղաքագետը հավելեց նաև, որ Սերժ Սարգսյանը դեռևս շարունակում է օգտագործել կապիտուլյանտ բնորոշումը՝ ասելով, որ ինքը չի համարում, որ դավաճանություն է արել Նիկոլ Փաշինյանը․ «Երբ տարածվեց այդ դավաճանության համար մեղադրանքը և այդ մասին սկսեց խոսել «Հայրենիքի փրկության շարժումը», Սերժ Սարգսյանը շրջանառության մեջ դրեց և սկսեց օգտագործել կապիտուլյանտ բնորոշումը, ինչը մեծ հաշվով այլ էր, քան դավաճան բնորոշումը, որն օգտագործում էր ընդդիմադիր դաշտի մյուս մասը։ Երկու բառերն էլ բացասական և մեղադրական իմաստ ունեն, բայց բոլորովին տարբեր տրամաբանություն ենթադրող բնորոշումներ»։ 

Նարա Մարտիրոսյան 

Оставьте комментарий