Փաշինյանը հաղթեց, որովհետև նրան քաղաքացիները նախընտրեցին «անցյալի ուրվականներից».․․ Վրացի վերլուծաբանների ուշագրավ դիտարկումները

Հարևան Վրաստանում ուշադրությամբ հետևել են հայաստանյան ընտրություններին՝ առավել նախընտրելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաղթանակը։ Վերջինս վրաստանյան քաղաքական շրջանակներում ասոցացում է բարեփոխումների, ժողովրդավարության ու նաև Արևմուտքի հետ։ Տեղեկացնում է Հայաստանի Հանրային Ռադիոն:

Վրաստանում հայաստանյան արտահերթ խորհրդարանական ընտրությունները համարում են ժողովրդավարական։ Ներկա իշխանություններից իրենց առավել արևմտամետ համարող ընդդիմության առանձին ներկայացուցիչներ նույնիսկ ընդգծում են` Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարությամբ շատ ավելի առաջ է Վրաստանից։ Խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորներից Խատիա Դեկանոիձեի խոսքով, պատերազմից հետո հաղթելով, Նիկոլ Փաշինյանը հնարավորություն ունի պատմական առաջընթաց բերել Հայաստանին:

Քաղաքագետ Արչիլ Սիխարուլիձեն ասում է՝ ղարաբաղյան պատերազմից հետո անսպասելի էր Նիկոլ Փաշինյանի հաղթանակը, բայց, ըստ նրա, հասկանալի է, որ հայ ժողովրդի մեծամասնությունը նրանից է միայն ակնկալում երկրի մյուս բոլոր խնդիրների լուծումը։ Իսկ ինչ վերաբերում է Վրաստանին, որտեղ առավել շատ ուրախ են Նիկոլ Փաշինյանի հաղթանակով, ասում է․ «Նիկոլ Փաշինյանի հաղթանակը, որպես հեղափոխական գործիչ, որը դեռ կարող է փոխել հարաբերություններն Արևմուտքի ու ՌԴ-ի հետ, այստեղ առավել գերադասելի է։

Վարագույների հետևում հույսեր կան, որ Փաշինյանը Ղարաբաղյան պատերազմից հետո փորձելու է էլ ավելի մոտենալ Արևմուտքին»։ Կոնֆլիկտաբան Գիորգի Կանաշվիլիի կարծիքով Նիկոլ Փաշինյանը հաղթեց, որովհետև նրան քաղաքացիները նախընտրեցին «անցյալի ուրվականներից», պատերազմի պարտության մեջ էլ մեղավոր համարելով նաև նախկիններին։ Ամեն դեպքում, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը ստացել է ժողովրդավարական երկիր կառուցելու մանդատ․

«Ընդհանուր առմամբ ընտրությունները Հայաստանում անցան ժողովրդավարական միջավայրում, առանց լուրջ խшխտnւմներին։ Դա են հաստատում նաև տեղում աշխատող դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպությունները։ Վրաստանում ուրախ ենք, որ գործընթացն անցավ շատ խաղաղ պայմաններում, և հուսով ենք սրանով ավարտվեց հայաստանյան քաղաքական ճգնшժшմը»։

Միջազգային հարցերով փորձագետ Թոռնիկե Շարաշենիձեն ասում է՝ թեև Նիկոլ Փաշինյանն արևմտամետ «իմիջ» ունի, այդուհանդերձ նրա համար այսօր էլ ավելի դժվար է լինելու ընտրել արտաքին արևմտամետ ուղղությունը։ Դրա համար ըստ նրա, հայ-վրացական հարաբերություններում էլ փոփոխությունների պետք չէ սպասել․ «Հայ-վրացական հարաբերություններում լուրջ բեկում չեմ սպասում։ Վրաստանը Հայաստանի հետ այսօր բարիդրացիական հարաբերություններ ունի, Վրաստանն ասոցացվում է Արևմուտքի՝ ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի հետ, իսկ Հայաստանը՝ Ռուսատանի, դա է միայն խանգարում առավել մերձենալուն։

Կմնան մեր հարաբերություններն այնպես, ինչպես, որ կան»։ Արչիլ Սալուկվաձեն, բայց հաշվի առնելով Վրաստանի միջնորդությամբ օրերս Ադրբեջանից հայ գերիների վերադարձը, շեշտում է՝ ԱՄՆ-ի ցանկությամբ Վրաստանը ակտիվորեն ներգրավվելու է տարածաշրջանային հարցերում, ՀՀ-ի հետ ավելի վստահելի հարաբերություններ է կառուցելու:

Փաշինյանը, ի դեպ ընտրությունների նախնական արդյունքները հրապարակվելուց հետո իր ելույթում մի շարք երկրների թվում այս ընթացքում Հայաստանին ցուցաբերած աջակցության համար շնորհակալություն է հայտնել նաև Վրաստանին՝ նշելով․ «Ես համոզված եմ, որ մենք առաջիկայում Վրաստանի հետ մեր հարաբերությունները կխորացնենք ու կլավացնենք։

Ես ուզում եմ խաղաղություն մաղթել մեր տարածաշրջանին․ մեր ժողովուրդների համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը կարևոր առաջնահերթություն է մեզ համար»։ Վրաստանը Նիկոլ Փաշինյանի հաղթանակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ հղած 1-ին երկրներից է։ Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է Փաշինյանին՝ համոզիչ հաղթանակ տանելու և արտահերթ խորհրդարանական ընտրությունները հաջող անցկացնելու համար։ Վրաստանի ղեկավարը նաև Հայաստանի նոր կառավարության հետ սերտ համագործակցելու հույս է հայտնել։

Оставьте комментарий