ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն արտախորհրդարանական ուժերի հետ միասին դավադրաբար հանձնեցին ընդդիմության դիրքերը ռևանշիստներին, դրա համար էլ բոլորով պատժվեցին ․․․ Հմայակ Հովհաննիսյան

Civic.am-ի զրուցակիցն է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Հմայակ Հովհաննիսյանը: 

-Պարոն Հովհաննիսյան, ինչպե՞ս եք գնահատում հունիսի 20-ին տեղի ունեցած ընտրությունները, խորհրդարանի այս պատկերը։ Ինչպե՞ս ստացվեց, որ նախկին համակարգը ներկայացնող ուժերը ընդդիմության տեսքով մուտք գործեցին խորհրդարան։ 

-Դուք գիտեք, որ ես կանխատեսել եմ Նիկոլ Փաշինյանի համոզիչ՝ կրկնակի առավելությամբ հաղթանակը: Գրել եմ, ասել եմ, որ «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթելու է՝ ԱԺ անցած մյուս բոլոր ուժերից երկու-երկուսուկես անգամ ավել քվե ստանալով: Այդպես էլ եղավ: Իմ միակ մտահոգությունն այն էր, որ չէր կարելի բացառել քարոզարշավի ընթացքում պաշտոնական Բաքվի կողմից նոր առաջխաղացումը մեր սահմանների երկայնքով, սակայն փառք ու պատիվ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: Վերջինս հետընտրական շրջանում անխուսափելի քաղաքացիական պատերազմի մասին իր ամպագոռգոռ հայտարարություններով շատ օգնեց Ադրբեջանի վերևներում այդ հարցի վերաբերյալ սին պատրանքներ ստեղծելու գործում: Մոսկվայում ուսուցանելու և հետո աշխատելու տարիներին ադրբեջանական վերնախավի հետ առնչվելով, ինչպես նաև միջազգային խորհրդարանական կազմակերպություններում շփվելով ադրբեջանցի պատգամավորների հետ, այս օրերին ես զբաղված էի Լևոն Տեր-Պետրոսյանի մռայլ կանխատեսումները նրանց հրամցնելով և իբրև թե իմիջիայլոց բացատրելով, որ քաղաքացիական պատերազմի անխուսափելի վտանգը մեզանից կարող է նահանջել միայն այն դեպքում, եթե Ադրբեջանն ակտիվացնի սահմանային սադրանքները: Այդ դեպքում հայերը մի կողմ կդնեն իրենց տարաձայնությունները, կհամախմբվեն ու այդպիսով կհաջողվի խուսափել քաղաքացիական պատերազմից: Համոզված եմ, որ նրանք այդ կուտը կերան և դրա համար քարոզարշավի օրերին ակտիվություն չէին ցուցաբերում՝ շունչները պահած սպասում էին, թե երբ ենք մենք նորից զբաղվելու մեկը մյուսին ոչնչացնելով: Այնպես որ ԼՏՊ բայղուշությունն այդ իմաստով իր դրական ազդեցությունն ունեցավ:

Մեզանում քաղաքացիական պատերազմ կամ առնվազն բախումներ կարող էին իրականում լինել միայն մի դեպքում՝ եթե հաղթեին ռևանշիստները: Ժողովուրդի ամենաակտիվ հեղափոխական մասը՝ երիտասարդությունը, չէր հանդուրժի նախկինների վերադարձը: Ավագ սերնդի ներկայացուցուցիչները նույնպես կուշտ են կևորկովյան կլանի ամբարտավան թալանչիական կառավարումից: Քաղաքացիական ապստամբությունն այդ դեպքում լինելու էր անխուսափելի: Ես չէի կասկածում, որ մեր իմաստուն ժողովուրդը հասկանալով դա` կպաշպանի Նիկոլ Փաշինյանին և մեր հեղափոխության անշրջելիությունն ու շարունակականությունը: Այդպես էլ եղավ, և ես, օգտվելով այս հարցազրույցի առիթից, նորից ու նորից շնորհավորում եմ մեր բոլոր քաղաքացիներին համապետական արտահերթ ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ: Դրա հետ մեկտեղ պետք է հասկանալ, որ ԱԺ այսպիսի երկբևեռ կազմը լուրջ դժվարություններ է ստեղծելու առաջիկայում: Ռևանշիստական ուժերը փորձելու են պարալիզացնել Ազգային Ժողովում հաղթած ուժի բարեփոխչական էներգիան՝ սպառնալով ցանկացած պահի հրաժարվել մանդատներից և դրանով սանձազերծել խորհրդարանական ճգնաժամ ու հասնել նոր արտահերթ ընտրությունների անցկացմանը: Հեղափոխական մեծամասնությունը պետք է տեղի չտա այդ շանտաժին, բայց ինչպե՞ս:

Շանտաժից խուսափելու և համակարգային բարեփոխումներ իրականացնելու միայն մեկ հնարավորություն կա. ջարդել ռևանշիստներին այնպես, որ նրանց համար ակնհայտ լինի, որ նոր արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում նրանք այլևս ոչ մի մանդատ չեն ստանա: Ուրիշ ճանապարհ չկա: Եթե նրանք համոզված չլինեն, դյուզն իսկ կասկածեն, որ նոր արտահերթ ընտրությունների դեպքում հայտնվելու են Մարուքյանի «Լուսավոր Հայաստանի» կամ Դոդի Գագոյի «Բարգավաճ Հայաստանի» վիճակում, ապա կվարվեն վերջինների նման՝ նրանց նման ներսից կպայթեցնեն ԱԺ, կհրահրեն նոր արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ինչ վերաբերվում է այն հարցին, թե ինչպես եղավ, որ բացահայտ ռևանշիստները ի դեմս սերժառոբականների եկան փոխարինելու քողարկված ռևանշիստներին ի դեմս «կլասիկի» ու «Դոդի», ապա դա էլ է պարզ. Կիսատ-պռատ փրոքսիներին անխուսափելիորեն պետք է փոխարինեին իսկական ռևանշիստները, ինչը և եղավ: Կլասիկն ու ԲՀԿ-ն՝ տրոյական ձիեր էին. Նրանք արտախորհրդարանական ուժերի հետ միասին դավադրաբար հանձնեցին ընդդիմության դիրքերը ռևանշիստներին: Դրա համար էլ բոլորով միասին պատժվեցին՝ չկարողանալով հաղթահարել նախընտրական շեմն ու մտնել նորընտիր խորհրդարան: Ծիծաղելի է, երբ հիմա նրանք իրենց ձախողման մեջ մեղադրում են Նիկոլ Փաշինյանին: Այնինչ հենց իրենք՝ մասնակցելով այսպես կոչված 17-ի ձևաչափին, հռչակելով ռևանշիստներին «Հայրենիքի փրկիչներ» ու նրանց հրավիրելով տեղավորվելու ընդհանուր ընդդիմադիր հարթակում, կանխորոշել են սեփական ֆիասկոն: Այդ ապիկար «կլասիկ ու դոդ» կուսակցապետերը յուրահատուկ «կոզյոլ-պրովոկատորների» դերում կանխորոշեցին ներկայիս մտահոգիչ պատկերը, երբ անցյալի հրեշավոր ուրվականները տեղեր զբաղեցրեցին ԱԺ-ում և ներկայանալու են որպես ընդդիմություն, խորհրդարանական այլընտրանք:

-Խորհրդարանում ընդդիմությունը ներկայացնող ուժերն ունեն հստակ պրոռուսական կողմնորոշում։ Նախընտրական շրջանում  նրանք ամեն ինչ անում էին՝ ցույց տալու համար, որ իրենք Ռուսաստանի թեկնածուն են, ունեն Ռուսաստանի «դաբրոն»։ Ընդ որում թե՛ Քոչարյանը, թե՛ Վանեցյանը։ 

-Այդ առումով էլ են նրանք հանդես գալու «կլասիկի» ու «դոդի» գործի շարունակողների դերում: Պարզապես գործելու են շատ ավելի ագրեսիվ:

— Ամեն դեպքում, ուժերի նման դասավորությունը ի՞նչ վտանգ է ներկայացնում։ 

— Ինչ խոսք, տհաճ պատկեր է: Ռուսաստանի և Արևմուտքի միջև գնալով ավելի ու ավելի սրվող հակասությունները բերել և արտացոլել մեր խորհրդարանական ներկապնակում՝ չափազանց վտանգավոր զբաղմունք է: Եթե այս մարդիկ ուզում են ծառայել Ռուսաստանին, ապա կարող են մեկնել Ռուսաստան և այնտեղ ծառայել Ռուսաստանին: Բայց ի՞նչ իմաստ ունի նստել հայոց խորհրդարանում, եթե պատրաստ ես ավելի շատ հոգալ ռուսական Ղրիմի, քան քո դժբախտ Արցախի հոգսերը: 

-Այդուհանդերձ Ռուսաստանը՝ Պուտինը, հեռախոսազանգով շնորհավորել է իշխանություններին։ Սրանից կարո՞ղ ենք հետևություն անել, որ Մոսկվան կաշխատի այն իշխանության հետ, որին ընտրել է հայ ժողովուրդը, թե՞ հնարավոր է ծածուկ աջակցություն իրենց հավատարիմ ընդդիմությանը։ 

— Այո, հայ ժողովուրդը սեփական կամքը միանշանակ և համոզիչ կերպով արտահայտել է ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններին: Բոլորը, այդ թվում մեր դաշնակից Ռուսաստանը, պարտավոր են ընտրությունների արդյունքների հետ հաշվի նստել: Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունը դա լավ է հասկանում: 

-Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ճանաչում է ընտրության արդյունքները, ընդունեց Փաշինյանի հաղթանակը, բայց «Հայաստան» դաշինքը հստակ դիրքորոշում դեռ չի հայտնել, պատրաստվում է ՍԴ-ում բողոքարկել ընտրության արդյունքները։ Սա կարո՞ղ է հետընտրական զարգացումների, նոր խժդժություների սկիզբ հանդիսանալ։ 

— Մեր ժողովուրդը շատ իմաստուն է, իսկ նրանք, ովքեր մեր ժողովրդին «ժեխ» պիտակավորեցին, պատժվեցին: Ժողովուրդը թույլ չի տա, որ մեզանում այսուհետև էլ խժդժություններ ու դավադրություններ լինեն: Ներքին անհամաձայնությունների, շփոթի ու հուսահատության պիկը մենք արդեն անցել ենք: Քաղաքացիներն իրենց կամարտահայտությամբ ցույց տվեցին, որ չեն հանդուրժի ներքին խառնակչությունը, հոգնել են բամբասանքներից ու ձգտում են արարչական աշխատանքի:

Արփի Հարությունյան

Оставьте комментарий