Ռուսաստանը «գրավադրել» է Հայաստանն ու Արցախը. Լավրովի հոդվածն ու լռությունը

Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը հոդված է հրապարակել Պուտին-Բայդեն հանդիպման «հետքով», որտեղ խոսում է ամերիկա-ռուսական հարաբերության հեռանկարի, Արևմուտքի վարքագծի, Ռուսաստանին ու Չինաստանին կանոններ պարտադրելու նկրտումների մասին, ինչպես գնահատում է ՌԴ արտգործնախարարը: Հոդվածը անհետաքրքիր չէ, թեև չի պարունակում սկզբունքորեն նոր բան: Միաժամանակ, ավելի հետաքրքիր է մեկ այլ երևույթ:

ՌԴ արտգործնախարար Լավրովը հոդվածով «կռիվ» է տալիս Արևմուտքի դեմ և մատնացույց անում այդ համատեքստում նաև Սև ծովում տեղի ունեցող Sea Breeze-2021 զորավարժությունն ու դրա աննախադեպ մասշտաբը, իսկ զուգահեռ՝ Կովկասում, Ադրբեջանում, մեկնարկում է թուրք-ադրբեջանական հերթական զորավարժությունը: Այն իր մասշտաբով իհարկե ՆԱՏՕ զորավարժություն չէ, սակայն ՆԱՏՕ անդամ Թուրքիան վերջին տարվա ընթացքում երևի թե արդեն տասնյակ կամ ավելի զորավարժություններ է անցկացրել Ադրբեջանի հետ, զանազան մասշտաբի ու բնույթի, և նաև վարել է մեկ պատերազմ՝ Արցախի ու Հայաստանի դեմ: Ու այդ ամենին Լավրովը ոչ միայն հոդվածով իսկ չի պատասխանել, այլ հակառակը՝ Թուրքիայի այդ հավակնությունները հաշվի առնելն ու Անկարայի հետ պայմանավորվելը Լավրովը ներկայացրել է իբրև Ռուսաստանի քաղաքական, դիվանագիտական, ռազմա-քաղաքական ձեռքբերում:

Իրականում այդ ամենն իհարկե Լավրովի և ՌԴ ամբողջ քաղաքական-դիվանագիտական վերնախավի ֆինանսատնտեսական ահռելի ձեռքբերումն է, որ արտահայտվում է Ռուսաստանում իշխանության տեսքով, թուրքական և ադրբեջանական գործարար շրջանակների հետ ստվերային կապերով և այլն: Այդ ամենի դիմաց Մոսկվան գրավադրեց Կովկասը՝ իր ռազմավարական դաշնակցով, կամ այսպես ասած ռազմավարական դաշնակցով, որովհետև ռուսական վերնախավի համար Հայաստանը միշտ եղել է ոչ թե դաշնակից, այլ մանրադրամ, իսկ «լավագույն» դեպքում՝ գրավ: Ընդ որում, չկա ոչ մի երաշխիք, որ Ռուսաստանը որոշ ժամանակ անց լինելու է ավելի վճարունակ և կարողանալու է «հետ վերցնել» գրավը: Ըստ այդմ, «գրավադրված» վիճակից դուրս գալու գործը Հայաստանինն է, որ պետք է անել իհարկե առանց Ռուսաստանի հետ կռվելու, բայց միևնույն ժամանակ առանց Ռուսաստանի հետ ավելորդ հույս կապելու:

Բայց, ամբողջ հարցն այն է, որ Հայաստանում այդ ամենի փոխարեն տեղի է ունենում հակառակ մի «դիսկուրս», որտեղ իր հերթին Հայաստանում տնտեսա-քաղաքական շահերի կրող որոշ խմբակներ փորձում են Հայաստանը «գրավ» դնել Ռուսաստանի մոտ, այդ միջոցով այստեղ իրենց հուզող դիրքային հարցեր լուծելով: Այստեղ է գլխավոր խնդիրներից մեկը, որ պետք է լուծի Հայաստանի հանրությունը Հայաստանի ներսից դեպի արտաքին անվտանգություն, մի կողմից չկռվելով Ռուսաստանի հետ, մյուս կողմից չդառնալով Արևմուտքի հետ Ռուսաստանի կռվի մասը:

Հեղինակ՝ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Оставьте комментарий