Քաղաքականությունից և ֆեյսբուքից հեռանալը չի ազատում քրեական պատասխանատվությունից․ ինչ քրգործերով են անցնում Մինասյանի «Antinikol» շարժման անդամները

Ինչպես արդեն գրել էինք՝ ընտրություններում գործող իշխանության վերընտրվելուց հետո Սերժ Սարգսյանի՝ Հայաստանում մի քանի մլրդ դրամի հարկեր թաքցնելու եւ փողերի լվացման համար հետախուզվող փեսայի՝ Միքայել Մինասյանի գլխավորած «Antinikol» շարժման անդամները, ովքեր անցնում են մի շարք քրեական գործերով՝ ֆեյսբուքից հրաժեշտի խոսքերով հեռանում են։

Civic.am
-ին ՀՀ ՔԿ-ից հայտնեցին, որ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական «Antinikol» շարժման անդամ՝ Նարեկ Մալյանը 3 քրեական գործերով մեղադրյալ է, որոնցով ՔԿ-ում ընթանում է նախաքննություն։

Առաջինը՝ Քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի պրիմ 2-ի 1-ին մասով՝ ազգային, ռասսայական կամ կրոնական թշնամանք հարուցելը՝ հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով, երբ «Բաց հասարակություններ հիմնադրամի» գրասենյակի առաջ տեղի ունեցած ակցիայի ժամանակ Մալյանը գետնին ներկ էր լցրել։ Երկրորդը՝ «Facebook» սոցիալական կայքով Չաուշեսկուների գնդակահարությունը կամ մահ դավաճաններին հրապարակման համար՝ կրկին նույն հոդվածով է մեղադրվում եւ երրորդը՝ անցած տարվա նոյեմբերի 20-ին Նարեկ Մալյանը երկու մեքենաներով փակել է Սարյան փողոցը, որպես օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքի կազմակերպիչ մեղադրվում է ՔՕ 225-րդ հոդվածի, պրիմ 1-ին, հոդված 1-ին մասով, այն է՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելը և անցկացնելը՝ պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Մյուս «Antinikol» շարժման անդամ՝ Նարեկ Սամսոնյանին ՀՔԾ-ն փետրվարի  15-ին մեղադրանք էր առաջադրել ՔՕ-ի 333-րդ հոդվածի 1-ին մասով՝ սուտ մատնություն կատարելու համար: Նա, որպես վկա կատարել է սուտ մատնություն, թե իբր Նիկոլ Փաշինյանը Երևանում գործող ռեստորաններից մեկից գնել է սև ձկնկիթ՝ մեկ կիլոգրամը 3 հազար դոլար արժողությամբ, որից հետո՝ 2019 թվականի դեկտեմբերին, վարչապետի անվտանգության աշխատակիցներն այցելել են հիշյալ ռեստորան և ցանկացել են ձեռք բերել ևս մեկ կիլոգրամ սև ձկնկիթ՝ գումարը բանկային փոխանցման եղանակով վճարելու պայմանով, սակայն ռեստորանի տնօրինությունն անվտանգության աշխատակիցներին տեղեկացրել է, որ այդ դեպքում սև ձկնկիթի մեկ կիլոգրամը կարժենա 5 հազար դոլար: Ըստ Նարեկ Սամսոնյանի` այդ մասին տեղեկանալուց հետո վարչապետը որոշել է Պետական եկամուտների կոմիտեի միջոցով պատժել հիշյալ ռեստորանին: Գործը նախագահությամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանի՝ գտնվում է դատարանում, հուլիսի 14-ին նշանակված է դատական նիստ։

Իսկ «Antinikol» շարժման հաջորդ անդամ՝ Արթուր Դանիելյանը մեղադրվում է 258-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու մեջ, այսինքն՝ բռնության գործադրմամբ խուլիգանությունը։ Հիշեցնենք, որ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև միջադեպ էր տեղի ունեցել ապրիլի 29-ին՝ Արամի փողոցի մերձակայքում։ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր որ ընկերոջ հետ զբոսնելիս էր եղել, տեսել էր Արթուր Դանիելյանին եւ բարևել է, ինչին ի պատասխան՝ Դանիելյանը հայհոյել է, որից հետո ինքը գլխով մեկ անգամ հարվածել է Դանիելյանի քթին։ Ի դեպ, այսօր ժամը 15:00-ին այս գործով նշանակված էր դատական նիստ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Արմինե Մելիքսեթյանի։

Оставьте комментарий