Մարդը ժողովրդավարության հետ երբեք ընկերություն չի արել, շատ լավ հիշում ենք իր կառավարման տարիները … Լևոն Բարսեղյան

Civic.am-ը գրում է

Ընտրությունից առաջ Փաշինյանի իշխանությանը 42 օր տվող Ռոբերտ Քոչարյանը, որը հայտարարում էր՝ «Կրելու ենք, սրանց ջարդելու ենք իրենց հարթակներում» և հաշվում այս իշխանությանը «մնացած ժամերը»՝ հայտարարելով՝ «այս իշխանութանը մնացել է 42 օր», պարտությունից հետո հիմա էլ 1,5 տարի է տալիս այս խորհրդարանին՝ հայտարարելով, թե իր կանխատեսմամբ՝ 1.5 տարի հետո նորից արտահերթ ընտրություններ են լինելու։

«2018 թվականից հետո արտահերթ ընտրությունները եղել են 2,5 տարի անց, քանի որ այս իշխանությունը պրոբլեմներ լուծող չէ, այլ պրոբլեմներ ստեղծող է, իմ կանխատեսումն է, որ մենք, մեծ հավանականությամբ արտահերթ ընտրություններ ունենալու ենք մոտ 1,5 տարի հետո։ Հասունանալու է նոր ընտրությունների պահանջարկը»,- «Հայաստան» դաշինքի ժողովում հայտարարել է Քոչարյանը։

Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ ակումբի» նախագահ Լևոն Բարսեղյանը կարծում է, որ իրականությունից հեռու հայտարարությունների համար Քոչարյանը քաղաքական պատասխանատվություն է կրում։ «Եթե հայտարարությունը քրեական հանցակազմ չի պարունակում կամ քաղաքացիական օրենսգրքով պատասխանատվության մեխանիզմներ չի պարունակում, պատասխանատվությունը լինում է քաղաքական, այսինքն՝ մարդը կարող է մի բան ասել, մի բան խոստանալ, մի բան կանխագուշակել եւ հանրությունը ըստ այդմ գնահատում է, թե այդ մարդուն որքանով լուրջ ընդունեն կամ լուրջ չընդունեն։

Այս դեպքում՝ «48 ժամ հետո սրանք իշխանություն չեն ունենալու» կամ «մենք ենք լինելու իշխանություն» հայտարարություններ ով էլ անի՝ դրանք հետո քաղաքական պատասխանատվության են բերում։ Մարդիկ հետո սկսում են դատողություններ անել, թե այս մարդուն ինչքան լուրջ ընդունեն կամ չընդունեն»,-նշեց Բարսեղյանը։

Նրա խոսքով՝ Քոչարյանի նոր հայտարարությունը 1,5 տարվա հետ կապված շատերին կասկածելու տեղիք տվեց՝ թե նույն մա՞րդն է, կարո՞ղ է իր կրկնակն է․ «Որովհետեւ ողջամտությունը պահանջում էր, որ առաջին հայտարարությունից հետո պիտի պատասխանատու քաղաքական գործիչը ներողություն խնդրեր հանրությունից, ասեր՝ սխալվել ենք, մեղավոր ենք, հետո նոր անցներ առաջ, բայց մարդը մեղավորության զգացում չունի եւ հիմա ասում է՝ տարի ու կես, արդեն դառնում է անլուրջ եւ լուրջ մեկնաբանություն տալ այս հայտարարություններին՝ անիմաստ է»։

Լևոն Բարսեղյանի դիտարկմամբ՝ ընդհանրապես լուրջ հակասություններ կան Քոչարյանի տարբեր տարիների, տարբեր ժամանակների հայտարարությունների միջեւ։ «Այս մարդը անտեղյակության համախտանիշ ունի, բեխաբար է՝ ինչ է տեղի ունենում, թե իրեն են խաբում կողքից։ Ես էս մասին խոսել եմ մի քանի անգամ, դա կոչում եմ բոժոժի համախտանիշ, այսինքն՝ ինչպես բոժոժի մեջ է թրթուռը ապրում եւ արտաքին աշխարհին ծանոթ չի լինում, իրեն միշտ գալիս, պատմում են, գովում․ վերջում հրապարակային մի բան է ասում՝ պարզվում է հանրային ընկալումներին խիստ հակառակ եւ հակասող միտք է ասել ու մարդիկ ոչ թե քննադատում են արդեն, այլ ծաղրում, ծիծաղում եւ հեգնում են»,-ասաց փորձագետը՝ հավելելով․

«Մարդը ժողովրդավարության հետ երբեք ընկերություն չի արել, շատ լավ հիշում ենք իր կառավարման տարիները՝ 2004-ի ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը, ապրիլի 2-ը 2002 թվականի՝ «Ա1+»-ի եթերազ րկումը, շատ լավ հիշում ենք Լեւոն-Տեր Պետրոսյանի հրաժարականից հետո, երբ իրեն լրագրողները հարցրեցին՝ կարո՞ղ է առաջադրվի նախագահի թեկնածու, ասեց՝ չէ, Սահմանադրության հետ խնդիրներ կան ու 1-2 շաբաթից կեղծ տեղեկանք ճարեց ու էդ խնդիրները հաղթահարեց։ Հիշում ենք Մարտի 1-ը»։

Քոչարյանը, ըստ Լևոն Բարսեղյանի, բազմիցս ապացուցել է, որ թքած ունի ժողովրդավարության վրա․ «Եվ հանրային կամքը, որը ամրագրված է Սահմանադրության մեջ, և որում ասվում է, որ իշխանության ակունքը ժողովուրդն է՝ իր համար ոչինչ չարժե կամ արժե ընդամենը իր հայեցողական մոտեցումը՝ եթե ինձ են ընտրում, ուրեմն մարդիկ առողջ են, եթե ինձ չեն ընտրում՝ վատառողջ են․ սա ֆաշիզմ է, սա ֆաշիստական մոտեցում է, եւ ուղղել այդ մարդուն, այդ տարիքում, այդ կենսագրությամբ ուղղելը անիմաստ է»,-տեսակետ հայտնեց Բարսեղյանը։

Նրա խոսքով՝ ուղղակի պիտի հրապարակայնորեն սաստել Քոչարյանին, ասել՝ մարդկանց մի վիրավորիր, ժողովրդին մի վիրավորիր․ «Որովհետեւ մեր ջանով ապրել ես, դարձել նախագահ, դարձել միլիոնատեր, միլիարդատեր․ հիմա ինչ է թե, չես ընտրվել՝ մարդկանց սկսել ես վիրավորել։

Տգիտության վառ ապացույց է ժողովրդավարության էությունը չհասկացած մարդու։ Շուրջ բոլորը երևի չեն հասկացել, որ պիտի իրեն հուշեն հնարավորինս լուռ մնա, չխոսի ուղղակի։ Չխոսի, որովհետեւ դա խորհրդավորության ինչ-որ նշան է։ Լիքը իմաստուն մարդիկ, Դիոգենեսը, օրինակ, որոշել էր չխոսել, բայց Քոչարյանը քանի գնում, խայտառակ բաներ է հայտարարում»։

Оставьте комментарий