Պուտինի և Նիկոլ Փաշինյանի փոխադարձ ակնկալիքները

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-ին մեկնում է Մոսկվա, որտեղ աշխատանքային այցի շրջանակում հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Դա փաստորեն Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին առաջին հանդիպումն է Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանի ընտրությունից հետո, և՝ Սահմանադրական դատարանում այդ ընտրության արդյունքի բողոքարկման քննությունից առաջ: Ինչպես հայտնի է, Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքը, որ ընտրության արդյունքում զբաղեցրել է երկրորդ տեղն ու ավելի քան 30 տոկոսով զիջել Նիկոլ Փաշինյանին, դիմել է ՍԴ:

Քննությունը կլինի հուլիսի 9-ին: Ինչո՞ւ է ուշադրության արժանի այն, որ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցն ու Պուտինի հետ հանդիպումը նախորդում է դրան: Բանն այն է, որ Հայաստանում ՍԴ շուրջ տեղի ունեցող հետհեղափոխական զարգացումների հանդեպ բավականին ուշադիր էր Ռուսաստանը: ՌԴ դեսպանն այդ շրջանում հանդիպում էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ, թեև նախկին համակարգի շրջանում ՍԴ կարծես թե չէր մտնում ՌԴ հետաքրքրությունների շրջանակ: Ահա այդ իմաստով, կարևոր է հասկանալ՝ Ռոբերտ Քոչարյանի մաևտիմեկյան գործի հանգուցալուծումից հետո Ռուսաստանը կորցրե՞լ է հետաքրքրությունը Հայաստանի ՍԴ հանդեպ, թե՞ այդ հետաքրքրությունը կա նաև Ռոբերտ Քոչարյանի ընտրական գործի պայմաններում: Այսինքն, Մոսկվայի համար հետաքրքրության կամ ուշադրության մոտիվը Ռոբերտ Քոչարյանի ազատությու՞նն էր միայն, թե՞ ազատությունն ու իշխանությունը:

Բանն այն է, որ Սահմանադրական դատարանի ձեռքում է հայտնվել Հայաստանում քաղաքական կայունության բանալին: Հասկանալի է, որ դա տեխնիկական երևույթ է և ամբողջ հարցը լինելու է այն, թե արդյո՞ք ապակայունությունը կա Ռուսաստանի ծրագրերում: Դա էլ կախված է արդեն այն օրակարգից, որ պաշտոնապես պետք է քննարկեն Նիկոլ Փաշինյանն ու Պուտինը՝ եռակողմ ձևաչափ, նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարություններ, բնականաբար նաև սահմանային իրավիճակ:

Ինչպիսին է այստեղ Փաշինյան-Պուտին օրակարգը, կամ Պուտինի վերաբերմունքը, իհարկե հասանելի տեղեկություն չէ, սակայն մի բան թերևս կասկածից վեր է, որ Ռուսաստանը Կովկասում ներկայումս առավել ևս շահագրգռված չէ խնդիրների բարդացումով և ռեգիոնալ կամ հայ-ադրբեջանական ապակայունացման ռիսկով, քանի որ Մոսկվան ներկայումս գրեթե ամբողջապես կլանվում է միջինասիական հասունացող լարվածության մեջ, որտեղ խմորվում են իսկապես բավականին թեժ վեկտորներ: Հետևաբար, մեծ հավանականությամբ Պուտինը Նիկոլ Փաշինյանին առաջարկելու է պարզապես չանել քայլեր, որոնք կլարեն իրադրությունը և Ռուսաստանից կպահանջեն իրավիճակի հանդեպ մեծ ուշադրություն:

Հավանաբար, Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին կհայտնի Հայաստանի ներքին կայունության հարցում Ռուսաստանի լոյալության ակնկալիք: Այդ դեպքում ինչպիսի՞ զարգացում կլինի այսպես ասած եռակողմ օրակարգում և սահմանային իրավիճակում, որպեսզի մի կողմից լինի հարցի լուծում՝ ասել է թե ադրբեջանցիների շուտափույթ նահանջ Հայաստանի սուվերեն տարածքից, մյուս կողմից չլինի լարվածության աճ:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Հեղինակ՝ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Оставьте комментарий