Ահա, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ քաղաքական ուժերի կողմից ՍԴ դիմելը և ընտրությունների արդյունքները վիճարկելու պահանջը… Մովսես Հարությունյան

Մովսես Հարությունյանն իր էջում գրել է.

Քանի որ շատ եք հարցնում՝ ինչ հետևանքներ կարող է ունենալ քաղաքական ուժերի կողմից սահմանադրական դատարան դիմելն ու ընտրությունների արդյունքները վիճարկելու պահանջը, ասեմ, որ Սահմանադրական դատարան դիմած կուսակցությունները անգամ որևէ ակնկալիք չունեն Բարձրագույն դատարանից, քանզի լուրջ հիմքեր ընտրությունների արդյունքների վիճարկման կամ էլ չեղարկման համար առկա չեն։

Ոչ մի դիտորդական կազմակերպություն՝ թե՛ տեղական, թե՛ միջազգային, չի արձանագրել կարևոր ընտրախախտումներ, որոնք կարող էին ազդեցություն ունենալ ընտրությունների ելքի վրա։ Որ նույնիսկ դիմած կուսակցությունները չեն հավատում ընտրությունների արդյունքների չեղարկմանը, այսօր ապացուցեց Մեղրիի համայնքապետի հրաժարականը և դրա պարզաբանումը, որտեղ Մխիթար Զաքարյանն ասեց, որ «Հայաստան» դաշինքը պատրաստվում է մուտք գործել Ազգային ժողով, ու քանի որ ինքն օգտվելու է իր մանդատից՝ այդ պատճառով հեռանում է համայնքի ղեկավարի պաշտոնից։

Փաստենք, որ չորս ուժերի կողմից Սահմանադրական դատարան դիմելը ոչ այլ ինչ է, քան սեփական ընտրողների առաջ «մինչև վերջ պայքարեցինք, սակայն չստացվեց» հիմնավորումով արդարանալու փորձ։ Նրանք հենց ընտրությունների ելքի հայտնի լինելու մյուս րոպեից մանդատները վերցնելու որոշում էին կայացրել։

Оставьте комментарий