ԿԸՀ-ն Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու մասին նիստն ավարտել է և բավարարել է դատախազության միջնորդությունը։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:

Նա հիշեցրել է, որ երեկ ժամը 17։15-ին Ագարակի ոստիկանությունը Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանին Ագարակում ծանուցում է հանձնել այն մասին, որ ժամը 20։00-ին Երևան քաղաքում տեղի է ունենալու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը, որում պետք է քննարկի նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու հարցում համաձայնություն ստանալու միջնորդությունը։
Մխիթար Զաքարյանը դիմումով հայտնել է նաև ԿԸՀ-ին և խնդրել է նիստը հետաձգել ողջամիտ ժամանակով, որպեսզի կարողանա մասնակցել դրան և իրացնել իր իրավունքները։
Պաշտպանի փոխանցմամբ, երեկ երեկոյան ԿԸՀ-ն որոշել է հետաձգել նիստը և նշանակել այսօր՝ կիրակի առավոտյան՝ ժամը 08։30-ին ։

«Գիշերային ժամին Երևան ուղևորվելիս վնասվել է Զաքարյանի մեքենայի անվադողը, որի վերանորոգման համար անհրաժեշտ ժամանակի պատճառով ակնհայտ է եղել, որ նա չի կարող նախատեսված ժամին լինել Երևանում, ուստի ժամը 08։04-ին, 08։08-ին, 08։11-ին և 08։27-ին վերը նշվածի վերաբերյալ բարեխղճորեն դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ խնդրելով ընդամենը մի քանի ժամով հետաձգել նիստը, քանի որ ցանկանում է անձամբ ներկա գտնվել դրան, ծանոթանալ ներկայացված փաստաթղթերին, ներկայացնել համապատասխան բացատրություններ և հակափաստարկներ, որոնք վստահ է, որ վճռորոշ նշանակություն կունենան ԿԸՀ որոշման համար, ինչպես նաև ներկայացնել իր հակափաստարկները հիմնավորող անհերքելի ապացույցներ։
Ընդ որում, դիմումը «ՇՏԱՊ!!!» գրառմամբ ուղարկվել է հնարավոր բոլոր եղանակներով՝ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակով, ԿԸՀ էլեկտրոնային cec@elections.am փոստին, ԿԸՀ նախագահի էլեկտրոնային tmukuchyan@elections.am փոստին և ԿԸՀ ֆեյսբուքյան էջին։
Ավելին, ժամը 08։13-08։29-ն ընկած ժամանակահատվածում մի քանի զանգեր ենք կատարել ԿԸՀ-ի 010543523 հեռախոսահամրին, սակայն որևէ մեկը չի պատասխանել։

Քիչ առաջ տեղեկացանք, որ ԿԸՀ-ն Մխիթար Զաքարյանի իրավունքների կոպիտ խախտմամբ և ակնհայտ ապօրինի կերպով ավարտել է նիստը և բավարարել է դատախազության միջնորդությունը»,-գրել է պաշտպանը:
Հիշեցնենք, որ Զաքարյանը մտադրություն էր հայտնել վերցնելու Ազգային ժողովի մանդատը ու հուլիսի 9-ին հրաժարական էր տվել Մեղրիի համայնքապետի պաշտոնից։