«Արդարադատության համակարգը Դավիթ Հարությունյանի ժամանակ կոռուպցիայի գագաթնակետն էր» ․․․ նախկին ցմահ դատապարտյալ

1996-ին ցմահ ազատազրկման դատապարտված, այնուհետև 2020 թվականի ապրիլին պայմանական վաղաժամկետ  ազատ արձակված Ստեփան Գրիգորյանին վրդովեցրել է  ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի պահվածքը Սահմանադրական դատարանում։

Civic.am-ի հետ զրույցում Ստեփան Գրիգորյանը որոշ ուշագրավ դրվագներ է պատմել այն տարիներին բանտերում տիրող իրավիճակից, բանտերում անցկացվող ընտրություններից, նաև այն տարիներից, երբ արդարադատության նախարար է եղել Դավիթ Հարությունյանը, որն այս օրերին խոսում է արդարությունից, արդարադատությունից, թափանցիկ ընտրություններից և այլ վեհ գաղափարներից, ինչը Դավիթ Հարությունյանի և իր կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի իշխանություն օրոք ոչ միայն բացակայել է, այլ եղել է հակառակը։

 Ստեփան Գրիգորյանը պատմում է, որ երբ իրեն 2016 թվականին տարել են «Դատապարտյալների հիվանդանոց», ինքը փորձել է հետաքրքրվել՝ պետպատվեր կա՞, թե՝ ոչ, և չի հանդիպել որևէ կալանավորի, որին պետպատվերով քաղաքացիական հիվանդանոցում վիրահատած լինեին։

 «էնքան կեղտոտություններ են արել։ Տվյալ համակարգը, որը ժամանակին ղեկավարել է Դավիթ Հարությունյանը, կոռուպցիա չեմ ասում է, կոռուպցիաների գագաթնակետն է եղել։ Երբ ինձ մահապատժի էին դատապարտել, այդ տարիներին  7-8 ամիսը մեկ անգամ էինք բաղնիք գնում։ Ինչ վերաբերում է ընտրություններին,  իրենք իրենց համապատասխան խողովակներով կապ ունեին, ինֆորմացիան գալիս էր պետին, նրանից հետո համապատասխան մարդկանց, այդ մարդիկ էլ ասում էին՝ ձայնը կտաք այսինչին, որ համաներում է լինելու, տան անդամներին էլ տեղյակ պահեք։

2017 թվականին մեր մոտ մոտավորապես 50 հոգի ընտրող կար, եկան համապատասխան աշխատակիցները, համոզելու, որ գնան ընտրության, մինչև երեք տարի դատապարտվածները գնում էին ընտրության, շատերը չէին ուզում մասնակցել։ Ասեցին՝ եթե համաներում են ուզում՝ ընտրեն։ Մեկ էլ մի զանգ եկավ համապատասխան պաշտոնյայի ձեռքին, էնտեղից ասեցին, որ 30 ձայն տվեք Սերժին, 30-ը՝ դաշնակներին։ Դե ես միշտ էլ իմացել եմ, որ դաշնակները դրանց մոտ կնոպկա սեղմող են աշխատում, մեկ էլ «Հայ դատի» փողից սնվելու համար են պահում,  ուրիշ ոչ մի բան, նրանք ոչ մի ընտրությունում էլ ձայն չեն ստացել»,- պատմեց Ստեփան Գրիգորյանը։

 Նշենք, որ վերջին ընտրություններում էլ Հայաստանի կալանավայրերում հաղթել է Ռոբերտ Քոչարյանը, ոչ թե գործող իշխանությունը։

 Խոսելով նաև մինչև հեղափոխությունը կալանավայրերում սննդի որակի մասին՝ Ստեփան Գրիգորյանը պատմեց, որ կալանավորին կալանավորման տարիներին իրենց հարազատներն են պահել, իսկ մահապատժի ենթարկվածներին հանձնուք չէր հասնում, իրանք գետնին են քնել, քանի որ վեց հոգանոց խցում եղել է ընդամենը մեկ մահճակալ։

 «Այն ուտելիքը, որ մեզ էին տալիս, իրեն հարգող խոզը դա չէր ուտի։ Յուղի մասին խոսք չկար, ճաշը փթած կաղամբով էին սարքում, գուցե մեկի բախտը բերեր, ճաշի միջից մի կտոր կարտոֆիլ ուտեր, և մի քանի գդալ կարմիր ջուր խմեր, իսկ կրուպան որդոտ  էր լինում, պետք է լվանայինք, բայց պլիտա էլ չունեինք, որ եփեինք»,- հիշում է նախկին ցմահ դատապարտյալը։

Իսկ հիմա, Գրիգորյանի խոսքով, կալանավայրերում բանակի սնունդից չնչին տոկոսով է տարբերությունը և շատ տներում նույնիսկ չեն ուտում այնպիսի նախաճաշ, ճաշ ընթրիք, ինչպես կալանավայրերում։

 «Ու սրանք, որ էսպես խոսում են, սիրտդ ոնց որ կտոր-կտոր լինի։ Այդ համակարգի հետ ի՞նչ են արել, նախատեսված գումարները ի՞նչ են արել, հագուստ, սնունդ, հիգիենայի պարագաներ, դեղորայք… այն, ինչ նախատեսված է եղել՝  դուրս են գրել, որ պետությունը էս-էս դեղորայքն է առել, բայց այդ փողերը հափշտակել են… հլա սրանց նայի։ Դրանց ժամանակ թե՛ ոստիկանական համակարգում, թե՛ բանտերում «սպանդանոց» է  եղել․գառան դիմակ հագած հրեշ են, բառիս բուն իմաստով»,- ասաց Ստեփան Գրիգորյանը։

 Վերջինս  նաև նկատեց, որ այն ժամանակ ոչ մի լրագրողի ու իրավապաշտպանի թույլ չէին տալիս այցելել իրենց:
Վերջում Գրիգորյանը նշեց, որ եթե ժողովուրդը 2018-ի  հեղափոխությունը չաներ, ոչ մի ցմահ դատապարտյալ չէր ազատվի՝ կմնային բանտերում ու այնտեղ էլ կմահանային։

 Հիշեցնենք, որ Ստեփան Գրիգորյանը մահապատժի է դատապարտվել 1996 թվականին` սպանությանը մասնակից լինելու համար, որում նա իրեն մեղավոր չի համարում:  Իսկ 2003թ. օգոստոսի 1-ին Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով մահապատիժը փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ։

Լիլիթ Թադևոսյան

Оставьте комментарий