«Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները չեն կարողանում համաձայնեցնել ԱԺ փոխխոսնակի հարցը

Եթե նախընտրական փուլում «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները գործում էին նույն դաշտում, ունեին նույն հետաքրքրություններն ու նպատակը՝ այն է իշխանափոխությունը, հետընտրական այս փուլում իրավիճակը փոխվել է։

Երկու ընդդիմադիր դաշինքները, որոնք մեր տեղեկություններով, անկախ Սահմանադրական դատարանի կայացրած վճռից, վերցնելու են մանդատները, չեն կարողանում համաձայնության գալ ԱԺ փոխխոսնակի հարցում։ Գործող օրենքով Ազգային ժողովն ունենում է երեք փոխնախագահ, որոնցից մեկը պարտադիր պետք է լինի ընդդիմությունից։

Yerevanlur-ի տեղեկություններով՝ «Հայաստան» դաշինքն՝ ի դեմս երկրորդ  նախագահ Ռոբերտ Քոչարյանի այդ պաշտոնում տեսնում  է Արմեն Գևորգյանին, ծայրահեղ դեպքում՝ Իշխան Սաղաթելյանին։ «Պատիվ ունեմ» դաշինքում էլ մտածում են սեփական թեկնածուն առաջադրելու մասին։ Դաշինքի խմբակցության ղեկավարի պաշտոնում երկրորդ կարծիք չկա՝ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանն է, քարտուղար կարող է լինել կա՛մ Հայկ Մամիջանյանը կա՛մ Աննա Մկրտչյանը։ Առաջին տարբերակը դաշինքում ավելի հավանական են համարում։ Իսկ ահա  ԱԺ փոխնախագահի պաշտոնում դաշինքում մտադիր են առաջադրել Իշխան Զաքարյանի թեկնածությունը։ Ի դեպ՝ չնայած մամուլում առկա տարբեր հրապարակումներին, թե՛ Իշխան Զաքարյանը և թե՛ Տարոն Մարգարյանը վերցնելու են մանդատները։

Նման սցենարի դեպքում, փաստորեն,  մեծամասնություն ունեցող ուժն,  իր քվեարկությամբ կորոշի, թե որ դաշինքին  տա  առավելություն։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժն ավելի ռադիկալ մոտեցում ունի, չի բացառվում, որ Քաղպայմանագիրը նախապատվություն տա «Պատիվ ունեմ» դաշինքին։ Մեր տեղեկություններով, սակայն, Իշխան Զաքարյանն էլ, որպես Քոչարյանի երբեմնի կադր, այնքան էլ ցանկալի  թեկնածու չէ ՔՊ-ի համար։ Մեր աղբյուրը փոխանցում է, որ եթե «Պատիվ ունեմ» դաշինքն առաջադրի ավելի չեզոք մեկին, միանշանակ իշխանությունը կքվեարկի հենց այդ թեկնածուի օգտին։ Չեզոք այդպիսի թեկնածուի տարբերակը ևս քննարկվել է՝ Տիգրան Աբրահամյանը։ Սակայն, վերջինս իրեն այդ պաշտոնում չի տեսնում և առաջիկայում ձևավորվելիք խորհրդարանում պատրաստվում է կենտրոնանալ արտաքին քաղաքականության, անվտանգության հարցերի շուրջ։

Մարիամ Գրիգորյան

Оставьте комментарий