Հայաստանի առաջարկը աշխարհին

Հետպատերազմյան ժամանակահատվածում թե Հայաստանը, թե Արցախը ունեն լուծելու բարդագույն ներքին ու արտաքին հարցեր, խնդիրներ, ունեն դիմագրավելու մարտահրավերներ, որոնք պահանջում են օպերատիվ ինտենսիվ աշխատանք և գործնականում ժամանակ կամ ռեսուրս չեն թողնում, կամ քիչ են թողնում երկարաժամկետ ու ռազմավարական աշխատանքի համար: Սակայն նույնքան անկասկած և թերևս աներկբա է, որ օպերատիվ աշխատանքի արդյունավետությունը զգալիորեն կախված է այն հանգամանքից, թե այդ աշխատանքը, այն իրականացնող կառույցները և անձինք որքանով են գործում բավականին հստակորեն մշակված և ձևավորված ընդհանուր երկարաժամկետ ռազմավարության շրջանակում, ինչ ռազմավարական ուղենիշների շրջանակում են օպերատիվ սպասարկման ենթարկվում տարբեր խնդիրները՝ անվտանգայինից մինչև տնտեսական:

Եթե դրանք առավելագույնս արագ և դինամիկ կերպով չբերվեն այդ երկարաժամկետ ռազմավարական հայեցակարգերի դաշտ, օպերատիվությունը ժամանակի ընթացքում դառնալու է ավելի ու ավելի անբավարար, քանի որ աշխարհաքաղաքական միջավայրը լայն իմաաստով բազմապատկում է մարտահրավերների գեներացման արագությունը:

Ահա այդ իմաստով ավելի ու ավելի կենսական է դառնում Հայաստանում, Արցախում և Սփյուռքում առավելագույնս խիտ, սերտ գաղափարական դաշտի, ռազմավարական հեռանկարի մշակումը, գաղափարական դաշտում երկարաժամկետ պլանավորման աշխատանքի արդյունավետության բարձրացումը, որը պետք է լինի այն մեծ պահարանը, որի արդեն առանձին դարակներով պետք է դասավորվեն մնացյալ ավելի կարճաժամկետ և օպերատիվ խնդիրներն ու անելիքները: Ավելին, այդ ընդհանրական գաղափարական ռազմավարական դաշտի, նպատակի և ուղենիշների ձևավորումը նաև պետք է բարձրացնի պատերազմի լրջագույն հարվածի թիրախ դարձած հայկական սուբյեկտությունը, ընդ որում թե քաղաքական, տնտեսական, ռազմա-քաղաքական, և թե առաջին հերթին սոցիալ-հոգեբանական իմաստով:

Հայաստանի ռազմավարական, գաղափարական և արժեհամակարգային առարկայական բովանդակություն պարունակող ռեգիոնալ և միջազգային դերի շուրջ հասարակական-քաղաքական աշխատանքը և կայուն մրցակցությունը պետք է նախ վերականգնի մեզ որպես հասարակությունը, որ պարտության և իր զավակների ու տարածքների ծանր կորստից հետո, այդպիսի կորուստներ այլևս չունենալու և նաև կորցրածը վերականգնելու ներքին, խորքային համոզումով հանդերձ, իր կենսակերպով վերգտնում է ստեղծարար տրամաբանությունն ու աշխարհի հետ ոչ թե սպառողի, այլ մասնակցի և առաջարկողի հոգեբանությամբ հարաբերվելու կարողությունը: Այս խնդիրների ուղղությամբ աշխատանքը պետք է լինի իհարկե կառավարող քաղաքական ուժի պատասխանատվության դաշտում, բայց նաև այդ դաշտ ամենատարբեր հանրային ու քաղաքական խմբեր ներգրավելու կարողության տեսքով, ու միջոցով: Միաժամանակ, այդ աշխատանքը պետք է լինի նաև այն հասարակական-քաղաքական խմբերի առանցքային, ուղենշային անելիքներից մեկը, որոնք չունեն ընթացիկ լուծումների առումով օպերատիվ գործողությունների մասնակցության անհրաժեշտություն:

Հեղինակ՝ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Оставьте комментарий