Վազգեն Մանուկյանը ոչ թե թռավ գնացքից, այլ նրան մի ինչ-որ անհայտ կայարանում դուրս շպրտեցին գնացքից

Իրավապաշտպան, Վազգեն Մանուկյանի աներձագ Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Առանց սպասելու ՍԴ որոշմանը ողջ աշխարհը «շնորհավորեց» բռնապետիկին, այդպիսով իր արհամարհանքը հայտնելով և հայ ժողովրդին, և ձեզ՝ հարգելի ընդդիմադիրներ։ «Հայաստան» դաշինքի անդամ համայնքապետերի հանդեպ հաշվեհարդար տեսնելուց հետո, հերթը ՀՅԴ-ինն է։ Շարունակեք սահմանադրական ճանապարհով պայքարը տիկնայք և պարոնայք ընդդիմադիրներ, պատրաստվեք հաջորդ «ընտրություններին»»։

«ՉԻ». Բա, Ավետիք ջան, կյանքը բումերանգ է: 13 տարի առաջ էլ աշխարհը շնորհավորեց մեկին, ով չէր սպասում ՍԴ վճռին և ով մարդկանց սահմանադրական իրավունքը՝ ցույցեր կազմակերպելը, խեղդել էր արյան մեջ:

Բայց աշխարհը մի կողմ, շնորհավորողների մեջ էր նաև ձեր փեսան՝ Վազգեն Մանուկյանը, որը, չսպասելով ՍԴ վճռին, մտավ ստվերային բանակցությունների մեջ և կեղծված ընտրությունները պաշտպանելու դիմաց ստացավ Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը:

Ինչևիցե, աներձագի նեղվածության պատճառը հասկանալի է: Մի քանի ամիս առաջ փեսան «բեզ պիտի մինուտ» վարչապետացու էր, ընդդիմության «զից պրեդսեդածելը», իսկ հիմա ընդամենը մեղադրյալ, և ի տարբերություն նույն «Հայաստան» դաշինքի ղեկավարի՝ անձեռնմխելիություն չունի: Եվ նման կոչերով փորձ է արվում վերականգնել աշնան և ձմեռվա ստատուս-քվոն, երբ Վազգեն Մանուկյանը հարթակի առաջնորդն էր, իսկ ներկայիս խորհրդարանական ընդդիմության առաջնորդները ընդամենը փողի քսակի կարգավիճակում էին:

Պարզապես պետք է հաշտվել իրականության հետ: Այս անգամ Վազգեն Մանուկյանը ոչ թե թռավ գնացքից, այլ նրան մի ինչ-որ անհայտ կայարանում դուրս շպրտեցին գնացքից:

Оставьте комментарий