Երևանը համաձայն չէ Մոսկվայի հետ. Փաշինյանի արձագանքը

Շարունակում եմ կարծել, որ Ադրբեջանը փորձում է խոչընդոտել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերի իրագործմանը, կառավարության նիստում հայտարարել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ռեգիոնալ իրավիճակին և նշելով, որ այն շարունակում է մնալ լարված և պարունակել Հայաստանի ու Արցախի անվտանգային ռիսկեր:

Իրականում սակայն, Փաշինյանի անդրադարձը ավելի շուտ Պուտին-Ալիև հանդիպմանն արձագանք էր, որը տեղի ունեցավ Մոսկվայում հուլիսի 20-ին: Այդ հանդիպումից հետո ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը լրագրողների հետ զրույցում խոսել էր այն մասին, որ եռակողմ ձևաչափի շուրջ աշխատանքը ունի դրական ընթացք և շարժվում է առաջ:

Նիկոլ Փաշինյանը փաստորեն իր արձագանքով անհամաձայնություն է հայտնում Մոսկվայի այդ տեսակետին կամ գնահատականին, նշելով, թե շարունակում է կարծել, որ Բաքուն իրականում խոչընդոտում է եռակողմ շրջանակում առաջընթացին: Իհարկե, Պեսկովի հայտարարությունից միարժեք չի բխում այն, որ Մոսկվան իրապես մտածում է հենց այդպես, այսինքն համարում է, որ աշխատանքը դրական շարժվում է առաջ:

Ի վերջո, Մոսկվան անգամ հակառակ գնահատական ունենալու պարագայում հրապարակավ չի արձանագրի, չի արտահայտի այն, քանի որ այդ դեպքում ստիպված է լինելու խոստովանել սեփական անկարողությունը, ստիպված է լինելու հայտնվել ուղիղ պատասխանատվության տակ՝ կամ խոստովանել եռակողմ ձևաչափը կառավարելու և առաջ մղելու անկարողությունը, կամ քայլեր կատարել այդ ուղղությամբ:

Իսկ դա նշանակելու է ճնշում բանեցնել կամ Ադրբեջանի վրա, կամ Ադրբեջանի օրակարգով՝ Երևանի վրա: Իսկ դրանցից յուրաքանչյուրն էլ ՌԴ համար այսօր ունի իր լուրջ բարդություններն ու ռիսկերը: Հենց այդ իրավիճակում է, որ Մոսկվայի համար աստիճանաբար կարող է հասունանալ այդ ռիսկերը Մինսկի խմբի համանախագահության շրջանակում «կիսելու» որոշակի մոտիվացիա, որովհետև անկասկած է, որ Թուրքիան ՌԴ հետ պատրաստ է կիսել Կովկասը և որևէ այլ ազդեցության գոտի, բայց բոլորովին ոչ կիսել ՌԴ ռիսկերը: Ամբողջ հարցն այն է, թե ի՞նչ պայմանով են պատրաստ ՌԴ ռիսկերը թեթևացնել Վաշինգտոնն ու Փարիզը, և արդյո՞ք Մոսկվան պատրաստ է այդ պայմաններին:

Հեղինակ՝ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Оставьте комментарий