Երևանի փողոցներում վերակենդանացել են գերբարձր երաժշտությամբ թափառող ավտոմեքենաները.

Կան, չէ, այդ անասնական հաճույքը կրողներ, որ այժմ էլ մեր ցավի խորանն են լցնում այդ աղբը՝ թքած ունենալով, որ այդ մայթերով նահատակի և անհետ կորածի ծնողն է անցնում, հենակով կյանք վերադարձած զինվորը, որին, կարող է, չէ, հունից հանել այս անհատակ տխրության մեջ վերքին աղ լցնող էդ ոռնոցը։

Սպասելի է, չէ, որ զինվորն իր ոտքին փոխարինող հենակը կշպրտի պատերազմի լեղին չհամտեսած այդ աբորիգենի ճակատին, քանզի մեկ այլ ճակատից դեռ աճյուններ են գալիս։ Այդժամ, միանշանակ կգտնվեն տառակերներ, որ կփիլիսոփայեն, թե թող դատարանը որոշի ում իրավունքն է խախտվել։

Չկասկածեք, կլինեն նաև տուժածի նյութական և բարոյական շահը պաշտպանող փաստաբաններ։ Այ, թե որտեղ է բացակա բռունցքը սեղանին խփող պետությունը, թե էլի կարծում եք, որ հանրային ցավը արժանապատվություն չունի, իսկ արցունքին փոխարինողն էլ էդ անհայրենիք թմբուկն է՝ իբր կյանքը վերգտնում է իր հմայքը։

Բա ինչ եղավ քրիստոնյա լռության ու ներս նայելու ժամանակը, թե վախենում եք խոստովանել, որն է իրականը՝ երեկվա մոմավառության աղոթքը, թե մանկուրտի էսօրվա խրախճանքը․․․

Նվեր Մնացականյան

Оставьте комментарий