Թե՞ բժիշկ Չարչյանն էր քաղբանտարկյալ

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը խոստացել է խորհրդարան մտնելուց հետո փողոցն անտեր չթողնել, որովհետև «մենք ստանդարտ և դասական վիճակում չենք, մենք կորցրել ենք Արցախի 75 տոկոսը, ունեցել ենք մարդկային հսկայական կորուստներ և այս իշխանության օրոք մենք չենք բացառում պետականության կորուստը»։ Բայց ոչ մեկը չի հարցնում՝ իր իշխանության ժամանակ ընդդեմ Արցախի ի՞նչ է արել Նիկոլ Փաշինյանը, որ չեն արել կամ չէին անի նախկինները, եթե կրկին իշխանության մեջ լինեին։

Մեծ-մեծ բոլորն են խոսել իշխանության մեջ՝ առաջին նախագահից բացի։ Սակայն Իշխանին թվում է, թե Հայաստանի առջև եղած մարտահրավերներն ինքն ու իր խմբակցությունն ավելի լավ են հասկանում, քան՝ իշխանությունը։ Ընդդիմությունը հո չի՞ ասի, որ իր գլխավոր նպատակը խորհրդարան մտնելն էր ու մանդատներին տիրանալը, ի՞նչ կապ ունի այստեղ Հայաստանը, նույնիսկ մանդատից հրաժարված Ռոբերտ Քոչարյանի համար Հայաստանն առաջին տեղում չէ, նա էլ իր ուզածին չհասավ, ըստ նրա՝ անսպասելի էր, որ ժողովուրդն իրեն իշխանություն չտվեց։

Խնդրեմ, հենց այսօր նրանք փողոցում են Սյունիքի համայնքապետերի ազատ արձակման պահանջով։ Քանի՞ մարդ կա նրանց կողքին։ Եվ նույնիսկ դա թեմա չէ։ Հայաստանում քանի՞ հոգու կգտնես, որ նրանց քաղբանտարկյալ կհամարի, ինչպես այսօր պնդում էր ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Իսկ ինչո՞ւ չեն պնդի։ Որովհետև ձերբակալվածները քրեական կերպարներ են, նույնիսկ եթե բռնվել են քաղաքական պատճառներով։ Իրենց իշխանության ժամանակ ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ էլ Սերժ Սարգսյանը քրեական հեղինակությամբ գոնե մեկ ընդդիմադիրի չեն ձերբակալել, ահա ինչու չնայած դատական վճիռներին՝ ստիպված բաց էին թողնում։ Միջազգային ո՞ր կառույցն է այսօր ասում, որ Սյունիքի համայնքապետերը կալանավորված են քաղաքական պատճառներով։ Չկա այդպիսի կառույց։

Նույնիսկ եթե Իշխան Սաղաթելյանն ու Սեյրան Օհանյանն այլևս երբեք տուն չգնան ու չլողանան, նույնիսկ եթե դատարանները հայտարարեն, որ այդ մարդիկ քաղբանտարկյալ են, միջազգային այդպիսի կառույց չի գտնվի, որը Հայաստանին այսօր կմեղադրի քաղբանտարկյալ ունենալու մեջ։ Սա լավ է, թե՝ վատ, էական չէ, բայց սա փաստ է։

Երեկ ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ընդդիմությանն առաջարկել է իրար հետ խոսել առանց ատելության խոսքի։ Այսօր Իշխան Սաղաթելյանը Նիկոլ Փաշինյանին հակադարձում է․ «Ինքն էր հասարակությանը բաժանում «սևերի և սպիտակների», ինքն էր մուրճը վերցրել և վազվզում փողոցներով, ինքն էր ասում՝ թաթիկներդ կկտրեմ, կփռեմ ասֆալտին, ծնոտդ կջարդեմ և այլն»։ Այսինքն, չենք պատրաստվում դադարեցնել ատելության խոսքը։ Այսինքն, ոտքը գազից չեն հեռացնելու, քանի դեռ բանտարկյալներ ունեն։ Լրիվ «Թալիբանի» հոգեբանություն։ Երբ այդ մարդկանցից ոչ մեկը ձերբակալված չէր, ո՞վ էր Սյունիքում պիտակավորում վարչապետի մորը։ Ու խնդիրն ինքնին խոսքի ազատության այդ դրսևորումը չէ, խնդիրն այն է, որ խոսքի ազատությունը Սյունիքում դրսևորվել է քրեական «պանյատով»։ Այսինքն, փողոցային ընկալումներով։ Թե՞ բժիշկ Չարչյանն էր քաղբանտարկյալ։

Իսկ փողոցը երկար պահել չեք կարողանալու։ Գիտե՞ք ինչու։ Որովհետև փողոցը նրանն է, որն արտահայտվելու այլ տարածք չունի։ Դուք ունեք ամեն ինչ՝ TV-ներ, կայքեր և խորհրդարանական ամբիոն։ Հենց այդ գործիքն էլ ձեզ խաբել էին, թե հաղթելու եք խորհրդարանի ընտրություններում։

Արսեն Գրիգորյան

Оставьте комментарий