ԱՄՆ դեսպանը սահմանին. ինչի է պատրաստվում Վաշինգտոնը

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի Գեղարքունիքի մարզ կատարած սահմանային այցը արժանացել է հանրային մեծ ուշադրության: Այդ ուշադրությունը հասկանալի է, պայմանավորված է սահմանում լարվածության առկայությամբ և այդ պարագայում ամերիկացի բարձրաստիճան դիվանագետի սահմանային այցի անշուշտ ոչ սովորական հանգամանքով: Միևնույն ժամանակ, սակայն շատ կարևոր է հասկանալ, թե ոչ սովորականությամբ հանդերձ այցն ինչ աշխատանքային նշանակություն ունի նախ դեսպանի, նրա ներկայացրած երկրի՝ Միացյալ Նահանգների համար, և իհարկե Հայաստանի համար:

Գեղարքունիքի սահմանագոտում ԱՄՆ դեսպանը արել է որոշակի ստանդարտի մեջ հայտարարություններ, կոչ անելով սահմանազատումն ու սահմանագծումը իրականացնել ուժի բացառումով, միաժամանակ հայտարարելով, որ ԱՄՆ պատրաստ է կառուցողական աշխատել բոլոր կողմերի հետ: Դեսպան Թրեյսին նաև կոչ է արել կողմերին հնարավորինս արագ վերսկսել խաղաղ գործընթացը Մինսկի խմբի համանախագահության ներքո: Հայաստանի համար դրանք կարևոր հայտարարություններ են, որոնց առարկայական ազդեցության հարցը սակայն մնում է բաց: Այդ հարցի պատասխանները թերևս գտնվում են համանախագահների ներքին շրջանակում քննարկումների դաշտում և այդ դաշտում գործիքակազմի և ընդհանրապես իրավիճակի հանգամանալի պատկերացման համար:Ընդ որում, հատկանշական է, որ ԱՄՆ-ը այդ հարցի պատասխանները «փնտրում» է հայկական կողմից: Այդ իմաստով ուշադրության կենտրոնում պետք է պահել թերևս, թե արդյո՞ք Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը կատարում է կամ կկատարի այցեր սահման, թե՞ Վաշինգտոնի համար այդ հարցում էլ ըստ էության գերիշխում է այն մոտեցումը, որ կա և դրսևորվեց Շուշիի հարցում:

Միովն բանիվ, «բոլոր կողմերի» հետ քննարկման պատրաստակամության մասին Նահանգների դեսպանի հայտարարությունն առաջին հերթին թերևս ենթադրում է համանախագահ կողմերին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հակամարտ կողմերի միջև շփումներ և քննարկումներ, որպես այդպիսին, գոյություն չունի և նաև անկասկած է, որ Հայաստանն ու Ադրբեջանը չեն սկսի առանձին քննարկումներ Ռուսաստանից դուրս: Մեծ հաշվով, այդ հարցը, ընդհանրապես սահմանազատման և սահմանագծման շուրջ գործընթացի ձևաչափի հարցը գործնական հարթության վրա անշուշտ գտնվում է ամերիկա-ռուսական տիրույթում: Այստեղ Հայաստանի համար շատ կարևոր է չխանգարելով, առավելագույնը նպաստել այդ տիրույթում ամերիկա-ռուսական փոխըմբռնման ռեժիմի ձևավորմանը: Օրերս Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթի երևանյան հարցազրույցը վկայեց, որ Ֆրանսիան այդ առումով բոլորովին դեմ չէ այդ փոխըմբռնմանը:

Հեղինակ՝ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Оставьте комментарий