Հանգուցալուծումը մոտ է

Երասխում ու Գեղարքունիքի մարզում մարտերից հետո վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն առաջարկել է «դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետերի տեղակայման հարցը, ինչը հնարավորություն կտա սահմանազատման և սահմանագծման աշխատանքներն իրականացնել առանց ռազմական բախումների ռիսկի»։ Մինչ այդ նա խոսում էր «հայ-ադրբեջանական սահմանի» Խոզնավար-Սոթք հատվածում ռուսների տեղակայման մասին:

Կրեմլի խոսնակ Պեսկովը չի մեկնաբանել այս առաջարկը, փոխարենը խոսել է սահմանային լարվածության եւ այն հաղթահարելու ռուսական ջանքերի մասին, որոնք ուղղված են «եռակողմ պայմանավորվածությունների լիարժեք իրականացմանը»:

Խոսնակի ձեւակերպումներում արդեն իսկ «առաջընթաց» է նկատվում. հայկական բանակի դիմադրությունից հետո «միջադեպին» փոխարինել է «լարվածությունը»: Իսկ Փաշինյանի առաջարկը Պեսկովը համեստորեն չի մեկնաբանել, ի տարբերություն Փաշինյանի նախորդ՝ «100 տոկոսով ձեռնտու պայմանագրի» վերաբերյալ հայտարարության: Դա անակնկա՞լ էր, թե 100 տոկոսով ՌԴ հետ համաձայնեցված առաջարկ, որի իրագործման պարագայում ընդլայնվում է ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում, ամբողջացնելով ճակատային գիծն ու ռուս-թուրքական «նոր սահմանը», որին Լրագիրն անդրադարձել է բազմիցս:

Երասխում Բաքվի հարձակումներից հետո Լրագիրը գրել էր, որ Հայաստանի դեմ նոր հարված է պատրաստվում: Մոսկվայում Պուտին-Ալիեւ հանդիպումն ու համաձայնությունները հաստատեցին այդ պնդումը: Հայկական դիրքերի ուղղությամբ Բաքվի հարձակումներն անկասկած տեղավորվում են այդ համաձայնությունների մեջ՝ Մոսկվայի ու Բաքվի պայմաններով «եռակողմ պայմանավորվածությունների իրականացման», այդ թվում՝ «նոր սահմանի» իրենց տարբերակի պարտադրման հարցում:

Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հավաստում է եռակողմ փաթեթի շրջանակում մնալու պատրաստակամությունը եւ պնդում, որ Բաքուն խախտում է դրա դրույթները եւ վարկաբեկում նոյեմբերի 9-ի ու հունվարի 11-ի հայտարարությունները ճանապարհների բացման, գերիների վերադարձի եւ այլնի հարցում: Նրա ելույթից հաստատվում է, որ եռակողմ փաթեթը փորձ է արվում Հայաստանին պարտադրել միակողմանի:

Ըստ ամենայնի, լարվածությունը աճելու է, եւ զինված հարձակումների նոր օջախներ են լինելու: Միեւնույն ժամանակ, հանգուցալուծումը մոտ է, հայկական բանակի դիմադրության ստեղծած նոր իրավիճակի արդյունքում: Հայաստանում եզակի կոնսենսուս է ձեւավորվել՝ դեմարկացիոն եւ խաղաղության պարտադրվող պայմանագրերը չպետք է ստորագրվեն:

Оставьте комментарий