ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնը թափու՞ր կմնա․ իշխանությունը չի բացառում այդ սցենարը՝ վարկաբեկված թեկնածուի պարագայում

Վերջին օրերի քննարկվող թեմաններից է՝ Ազգային ժողովի 8-րդ գումարման նստաշրջանի Ազգային ժողովի փոխնախագահի ընդդիմության թեկնածուի և նրա ընտրության հարցը։  

Համաձայն շրջանառվող լուրերի՝ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքները հանդես են գալու մեկ միասնական թեկնածուով, որը լինելու է «Հայաստան» դաշինքից ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը։ 

«Հայաստան» դաշինքի մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Վազգեն Սաղաթելյանը Civic.am-ին հայտնեց, որ իրենց դաշինքը առաջադրելու է ԱԺ փոխնախագահ։ Թեկնածուն արդեն որոշված է, սակայն Սաղաթելյանը նշեց, որ անունը կհրապարակվի այսօր կամ վաղը։ 

Հարցին՝ ունեցե՞լ են արդյոք քննարկումներ ընդդիմադիր մյուս դաշինքի՝ «Պատիվ ունեմ»-ի հետ՝ ԱԺ փոխնախագահ առաջադրելու հետ կապված, Սաղաթելյանը պատասխանեց. «Ես լրատվական դաշտից տեղեկացա, որ «Պատիվ ունեմ»-ը թեկնածու չի առաջադրելու։ Մենք կարծում ենք, որ դա տրամաբանական որոշում է, քանի որ ձայների բաշխման այս համատեքստում տրամաբանական է, որ փոխնախագահը լինի «Հայաստան» դաշինքից»։

Արդյոք դա «Պատիվ ունեմ»-ի առանձի՞ն որոշումն է, թե՞ որոշումը կայացվել է երկու դաշինքների միջև քննարկումների արդյունքում, Սաղաթելյանն ասաց, որ պաշտոնական որևէ հանդիպում, քննարկում չի եղել։  «Գուցե անձնական հանդիպումներ եղել են, բայց որքան ես տեղեկացված եմ, դա իրենց որոշումն է։ Դաշինքների մակարդակով հանդիպում չի եղել, ավելին՝ առաջին իմպուլսը եղել է իրենց կողմից։ Երբ դեռ չկար որևէ տեղեկություն, և մենք  էլ չգիտեինք իրենց պլանների մասին, առաջինը հենց իրենք, իրենց հայտարարությամբ ասել են, որ թեկնածու չեն առաջադրելու»,- ասաց Վազգեն Սաղաթելյանը։

Իշխան Սաղաթելյանը, սակայն, 5-րդ ալիքին տված հարցազրույցում ասել էր, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները արդեն վերջնական պայմանավորվածության են եկել ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի վերաբերյալ:««Պատիվ ունեմ» դաշինքի հետ արդեն ունենք վերջնական պայմանավորվածություն ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի վերաբերյալ: Ընդդիմադիր խմբակցությունները հանդես կգան մեկ միասնական թեկնածուով, երկուշաբթի կհրապարակենք անունը»,- ասել էր Իշխան Սաղաթելյանը։

Հիշեցնենք, որ առաջադրված թեկնածուն կարող է չընտրվել ԱԺ փոխնախագահի պաշտոնում, եթե մեծամասնություն ունեցող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չընտրի ընդդիմության առաջադրած թեկնածուին։ 

«Ես կարծում եմ, որ մենք հստակ ունենալու ենք թեկնածու և չենք փոխելու այդ թեկնածուին՝ անկախ նրանից, թե մեծամասնություն ունեցող ուժը ինչ կարծիք կունենա դրա մասին։  Ամեն դեպքում հույս ունեմ, որ իրենք արհեստական ճգնաժամ չեն ստեղծի։ Ես տեսել եմ իրենց հայտարարությունները, որ իրենք իրենց սեփական կարծիքն ունեն փոխնախագահի պաշտոնի վերաբերյալ, թե որ ուժից պետք է լինի, կամ իրենց նախընտրելի ուժը որն է։ Ամեն դեպքում հույս ունեմ, որ արհեստական ճգնաժամի չեն գնա, որովհետև մեր դիրքորոշումը հստակ է, որ դա պետք է լինի մեր դաշինքի թեկնածուն, և մենք նաև պնդելու ենք հստակ թեկնածուի վրա և ոչ թե այնքան ենք փոխելու, որ լինի մարդ, ով, իրենց կարծիքով, ավելի հարմար կլինի։ «Քաղաքացիական պայմանագրի հետ» որևէ քննարկում չի եղել»,- ասաց Վազգեն Սաղաթելյանը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը տեղեկացրեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ փոխնախագահի ընդդիմության թեկնածուի քվեարկության վերաբերյալ դեռ որոշում չունի։ 

Նախընտրելի թեկնածուի առումով Տիգրանյանն ասաց. «Ես ունեմ սկզբունքներ, թե ում չի կարելի քվեարկել, բայց նախընտրելի թեկնածու չունեմ»։

Այդպիսի սկզբունքներից են, ըստ Տիգրանյանի, քաղաքական հետագիծը, բառապաշարը, բարեվարքությունը, նախորդ գործունեության ընթացքում որևէ կերպ վարկաբեկված չլինելը։

Եթե ընդդիմության կողմից, այնուամենայնիվ, այնպիսի թեկնածու առաջադրվի, որին մեծամասնություն ունեցող ուժը սկզբունքորեն դեմ լինի, ապա, ըստ Տիգրանյանի, իրենք պարտավորված չեն լինի քվեարկել այդ թեկնածուի օգտին։ 

«Եթե այդ դեպքում ընդդիմությունը իր թեկնածուին չփոխի, ապա չեն ընտրվի, և պաշտոնը կմնա թափուր, մինչև բերեն նախընտրելի թեկնածու, այլապես հնարավոր է, որ պաշտոնը մինչև վերջ թափուր մնա»,- ասաց Հերիքնազ Տիգրանյանը։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ալեքսանյանը ասաց, որ ընդդիմության կողմից առաջադրվող ԱԺ փոխնախագահի ընտրության վերաբերյալ խմբակցությունը տարբեր սցենարներ է քննարկում։ Առայժմ վերջնական որևէ որոշում խմբակցությունը չի կայացրել։

Անդրադառնալով ԱԺ հանձնաժողովների նախագահների պաշտոններին, «Վերածնվող Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Վազգեն Սաղաթելյանը նշեց, որ «Հայաստան» դաշինքին հասանելիք երկու հանձնաժողովների  նախագահներից առնվազն մեկը լինելու է «Վերածնվող Հայաստան» կուսակցության քվոտայով ընտրված պատգամավոր։ 

Հիշեցնենք, որ արդեն իսկ «Հայաստան» դաշինքի կողմից հրապարակված որևէ պաշտոնում չկա «Վերածնվող Հայաստան» կուսակցության որևէ ներկայացուցիչ։ Դաշինքի խմբակցության ղեկավարը լինելու է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, քարտուղարը՝ դաշնակցական Արծվիկ Մինասյանը։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնում դաշինքն առաջադրելու է դաշնակցական Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը։ 

Վովա Հակոբյան

Оставьте комментарий