Օլիգարխը՝ օլիգարխների մասին

Ռոբերտ Քոչարյանն ասել է. «Դուք կարող եք մեր ցուցակը համեմատել այսօրվա իշխանությունների ցուցակի հետ, որոնք իրենց պայքարը սկսել են 2018թ. և համոզել են ժողովրդին, թե իրենք պայքարում են օլիգարխիկ համակարգի դեմ, հիմա բազմակի օգտագործման օլիգարխները հայտնվել են իրենց ցուցակում. հետաքրքիր տրանսֆորմացիա կատարվեց»:

«ՉԻ». Միանգամից ասենք, որ այս ընտրություններին մասնակցող քսանքանի ուժերից միայն երկուսն են, որոնց ցուցակները օլիգարխներ են գլխավորում: Մեկը՝ ԲՀԿ-ն, հասկանալի է, մյուսը՝ «Հայաստան» դաշինքը: Ընդ որում, այս դաշինքը միակն է, որի չորրորդ համարն էլ է օլիգարխ: 

Գագիկ Բեգլարյան, Երվանդ Զախարյան, Գագիկ Խաչատրյան, Սամվել Ալեքսանյան, Սուրիկ Խաչատրյան, Միշա Բաղդասարով, Գագիկ Ծառուկյան, Բարսեղ Բեգլարյան, Վահե Հակոբյան, Հովիկ Աբրահամյան… էս բոլորը Ռոբերտ Քոչարյանի աճեցրած, փայփայած օլիգարխներն են: Որոնց միջոցով Քոչարյանը Հայաստանի ամբողջ տնտեսությունը մոնոպոլիզացրել էր: Երբ առանց իր թույլատվության նույնիսկ մի կիլո մանդարին չէիր կարող Հայաստան բերել: 

Մարդը օլիգարխիկ համակարգի գերագույն և գլխավոր հիմնադիրն էր, էսօր օլիգարխներից է խոսում: Չնայած, ինչի՞ ենք զարմանում, եթե արժանապատիվ խաղաղությունն է սովորել:

Եվ վերջում. եթե Քոչարյանի նշած օլիգարխները բազմակի օգտագործման են, ստացվում է, որ ինքը մեկանգամյա օգտագործման է: Հետաքրքիր տրանսֆորմացիա կատարվեց:

Оставьте комментарий