Երբ Դաշնակցությունը կանցնի վճռական գործողությունների

«Մենք ունենք շատ լուրջ հակադրություն այս իշխանությունների հետ»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Արմեն Ռուստամյանը:

«ՉԻ». Լուրջը ո՞րն է, կարելի է ասել՝ արժեհամակարգային ու ինստիտուցիոնալ:

Այնքան լուրջ հակադրություն կա, որ առաջիկայում հայ-ադրբեջանական սահմանի փոխարեն դեմարկացիայի ու դելիմիտացիայի անհրաժեշտություն է առաջանալու հենց խորհրդարանում:

Եթե Ռուստամյանը մի փոքր ավելի անկեղծ լիներ, կարող էր պնդել՝ իշխանական և ընդդիմադիր խմբակցությունների միջև կա գենետիկ անհամատեղելիություն:

Օրինակ՝ այս շոգ եղանակին իշխանական տղամարդ պատգամավորները գալիս են կոստյումով ու փողկապով, իսկ ընդդիմադիրները՝ մի «մայկայով»:

Ընդդիմադիր խմբակցությունում տիրում է իրական ժողովրդավարություն՝ երբ ուզում են, քնում են, երբ ուզում են, զարթնում են: Իսկ իշխանական խմբակցությունում տիրում է իսկական դիկտատուրա. ոչ ոք գոնե մի երկու րոպեով աչք կպցնելու խիզախություն չունի:

Ընդդիմադիր խմբակցությունների համար չկան հեղինակություններ և սեփական լիդերներին պաշտպանելու մոլուցք: Նրանց չի հետաքրքրում, թե իրենք կամ իրենց լիդերները որքան անգամ են այցելել Թուրքիա կամ Ադրբեջան: Իրենց համար Թուրքիա այցելած բոլոր հայերը լրտես են, ու վերջ: Իշխանական խմբակցությունում կգտնվի՞ մեկը, որը օրինակի համար հարցադրում կանի՝ ինչո՞ւ է Նիկոլը ամիսը մեկ մեկնում Մոսկվա կամ ամեն երեկո հեռախոսազրույց ունենում Մակրոնի հետ: Չի գտնվի: Ուստի հակադրությունն ակներև է:

Իսկ ինչպես հայտնի է՝ Դաշնակցությունը կողմ է ցանկացած հակադրություն ուժի միջոցով հանգուցալուծելուն:

Այնպես որ, սպասում ենք Դաշնակցության վճռական գործողություններին:

Оставьте комментарий