ՄԱԿ-ի ԱԽ դիմելն արդեն իր արդյունքը տալիս է. մտահոգվել պետք չէ՝ աշխարհն արդեն հոգնել ու զզվել է Թուրքիայից ու Ադրբեջանից

Միավորված ազգերի կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը նամակ է հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հուլիս ամսվա նախագահող, ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Նիկոլա Դե Ռիվիերին և ներկայացրել Ադրբեջանի կողմից շարունակվող ոտնձգությունները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, որոնք հանգեցրել են մարդկային կորուստների։

Նամակը շրջանառվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և առաջիկայում կհրապարակվի որպես ՄԱԿ ԱԽ պաշտոնական փաստաթուղթ: Նամակում շեշտվում է, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Հայաստանի հանդեպ զուգորդվում են ամենաբարձր մակարդակով հնչող տարածքային պահանջներով, ռազմական գործողությունների սպառնալիքով, ազգային պատկանելության հողի վրա ատելության խոսքով։

Ընդգծվում է, որ Հայաստանը հաստատակամ է իր ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ապահովման հարցում օգտագործելու ինքնապաշտպանության օրինական իրավունքը՝ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի հիմքով։

Հայաստանը հավատացած է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և հարատև քաղաքական կարգավորումը պետք է լինի խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։ Նամակը շրջանառվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և առաջիկայում կհրապարակվի որպես ՄԱԿ ԱԽ պաշտոնական փաստաթուղթ:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն ավելի վաղ այն կարծիքն էր հայտնել, որ Հայաստանն անպայման պետք է դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեր զրուցակիցը ողջունեց Երևանի քայլը և նշեց․«Այդ քայլն արդեն սկսել է օգուտ տալ։

Երկու-երեք օր է Ադրբեջանը հանգիստ նստած է, իրենք մտածում են՝ այդ ինչ կատարվեց, ո՞նց Հայաստանը համարձակվեց։ Իրենք գիտեն, որ Ռուսաստանն այն քայլին դեմ որ ու հիմա զարմացած են, որ Երևանը գնաց դրան»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Գրիգորյանի դիտարկմամբ՝ երբ դիմում ես ՄԱԿ Անվտանգության խորհուրդ, պահանջում արտահերթ նիստ կամ անում ես հայտարարություն, հարցը տեղափոխվում է միջազգային հարթակ, որտեղ բ Ադրբեջանը խարդախություն անել ու սադրանքի դիմել չի կարողանալու․ «Ադրբեջանը զրկվում է իր կարևոր լծակներից։ Նշանակություն չունի՝ թե ինչ բովանդակությամբ քննարկում կլինի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Այնտեղ լրջագույն երկրներ են նստած՝ այդ թվւմ հինգ մշտական անդամներ։ Նրանց խաբելն անհնար է, որովհետև նրանց ինչ-որ բան ապացուցել պետք չէ։

Միջազգային հարթակում խարդախություն անելը շատ ավելի բարդ է լինելու, քան այս տարածաշրջանում։ Երկրորդ՝ Ադրբեջանը շատ մտահոգվեց ու վախեցավ, քանի որ մինչ այդ իրենք գիտեին, որ Ռուսաստանը դեմ է, որ մենք դիմենք, Ռուսաստանը բլոկ է անում ու հանկարծ ստացվում է, որ մենք դիմեցինք։ Իրենք չեն հասկանում՝ ոնց է Հայաստանը գնում նման սուվերեն քայլերի։ Դա է պատճառը, որ մենք հիմա դադար ենք տեսնում, չեն գնում մեծ սադրանքների, որոնք մենք տեսանք Գեղարքունիքում, դրանից առաջ էլ Երասխում»։

Մեր այն դիտարկմանը, թե կան տեսակետներ, որ մենք չպետք է ՄԱԿ-ից չափազանցված ակնկալիքներ ունենանք, քանի որ նույնիսկ պատերազմի օրերին մշտական անդամներից մեկը վետո դրեց մեր հարցի քննարկման հետ կապված, Գրիգորյանն արձագանքեց․ «Նախ ուզում եմ ասել, որ բացառվում է, որ ՄԱԿ-ում սուբյեկտիվ որոշում ընդունվի։

Այնտեղ կան մշտական անդամներ՝ Ֆրանսիան, Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան, որոնք կոշտ պրոհայկական դիրքորոշում ունեն։ Դա չի նշանակում, թե մեզ սիրում են, պարզապես այդ երեք պետությունները ժողովրդավարական են, ցանկացած դեպքում իրենց համակրանքները Հայաստանի հետ են, քանի որ այստեղ ժողովրդավարություն է, Ադրբեջանում՝ բռնապետություն։

Երկրորդ՝ այդ պետությունները շատ դժգոհ են Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունից։ Ուրեմն մեզ համար ոչ մի վտանգ չկա։ Այդ երեք երկրները թույլ չեն տա մեզ համար բացասական որոշումների ընդունում։ Իսկ երկրորդը՝ այո, պետք է աշխատել։ Եթե չաշխատես, նույնիսկ եթե հարյուր տոկոսով ճիշտ լինես՝ կարող է չապացուցեց, որ ճիշտ ես։

Մեր դիվանագիտությունը, քաղաքական գործիչները պետք է աշխատեն, նյութեր բերեն, փաստեր ներկայացնեն։ Միանշանակ է, որ մենք այնտեղ առավելություն կունենանք, քանի որ տարածաշրջանում Ռուսաստանն ու Թուրքիան միանշանակ պրոադրբեջանական քաղաքականություն են վարում։

Ի պատիվ Ռուսաստանի՝ իրենք բաց են դա ասում, մենք էլ մեր ապագայի մասին պետք է մտածենք։ Երբ մենք հարցը տեղափոխում են ՄԱԿ ԱԽ, այնտեղ խաղի մեջ են մտնում երկրներ, որոնք ավելի օբյեկտիվ են կամ պրոհայկական դիրքորոշում ունեն։ Ես ոչ մի մտավախություն չունեմ, -պետք է իմանալ ՄԱԿ-ի խաղի կանոնները, որ հանգիստ լինես։ Պնդում եմ, որ Ադրբեջանն ու Թուրքիան այսօր շանս չունեն այնտեղ ի վնաս Հայաստանի քայլեր անեն։

ՄԱԿ ԱԽ-ի անդամներ են այսօր Դանիան, Գերմանիան, Բելգիան։ Կան շատ դեմոկրատական երկրներ, չկա Պակիստան ու սուբյեկտիվ մոտեցում ունեցող այլ պետություններ։ Միշտ պետք է աշխատել, որ անցանկալի որոշումներ չլինեն, բայց մտավախությունը, թե կարող է բացասական բանաձև անցնել՝ հիմքեր չունեն։ Ֆրանսիան ունի վետոյի իրավունք»։

Ցանկացած փաստաթուղթ, որը չի բխում ՀՀ շահերից, ըստ Գրիգորյանի՝ Ֆրանսիայի կողմից վետոյի կդրվի․ «Աշխարհում զարգացումն այնպես է, որ իրենք հոգնած ու զզված են Թուրքիայից ու Ադրբեջանից»։

Оставьте комментарий