Սերժ Սարգսյանի եղբորորդին անցնում է ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործով

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանը անցնում է ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործով։ Այդ մասին տեղեկանում ենք «Ազդարար» հրապարակային ծանուցումների հարթակից։ Ավելի վաղ ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործով ծանուցագիր էր ուղարկվել նրա քրոջը՝ Անի Սարգսյանին։ 

Դատախազությունը Սարգսյանին տեղեկացրել է, որ վերջինիս պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն ու կազմվել ամփոփագիր, հրավիրել նրան ծանոթանալու այդ նյութերին։ Ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործով անցնում է նաև քրեական հեղինակություն Արամ Վարդանյանը (Վստրեչի Ապեր)։ Գործի շրջանակում ծանուցագրեր են հասցեագրվել նաև նրա զավակներին՝ Կարեն և Ելենա Վարդանյաններին։ 

Ավելի վաղ «Ազդարար»-ից պարզ էր դարձել, որ ապօրինի գույքի բռնագանձման գործընթացում ներգրավված են նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ու նրա ընտանիքի անդամները, պետական գույքի կառավարման կոմիտեի նախկին ղեկավար Արման Սահակյանն ու նրա կինը, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը։ 

2020-ի ապրիլին խորհրդարանն ամբողջությամբ ընդունեց ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին օրենքը։ Այս տարվա հունիսի տվյալներով բացահայտվել է ենթադրաբար ապօրինի ծագում ունեցող 20 անշարժ ու 5 շարժական գույք։

Оставьте комментарий