Ինչ է պատրաստվում Վրաստանի ուղղությամբ. Արևմուտքի նախազգուշացումը

Արևմտյան մի շարք երկրներ, այդ թվում ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամներից երեքը՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա, Ռուսաստանին կոչ են արել հրաժարվել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումից: Ինչպես հայտնի է, Ռուսաստանն Աբխազիան և Օսիան ճանաչեց 2008 թվականին, ռուս-վրացական հնգօրյա պատերազմից հետո: Այդ պատերազմի վերաբերյալ գնահատականները և մոտեցումները տարբեր են: Ռուսական կողմը պնդում է, որ վրացական ագրեսիայից պաշտպանել է Օսիայի բնակչությանն ու իր խաղաղապահներին, իսկ Վրաստանի նախկին նախագահ Սահակաշվիլին պնդում է, որ Ռուսաստանը նախապես ծրագրել էր ագրեսիան, նախապես էվակուացրել էր Ցխինվալի բնակչությանը և կենտրոնացրել զորքը Ռոկի թունելի՝ Օսիայի մուտքի մոտ:

Այստեղ իհարկե անտեղի է ներքաշվել ռուս-վրացական այդ բանավեճի մեջ, առավել ուշագրավ է այն, թե ինչո՞ւ է ՄԱԿ ԱԽ մշտական անդամներից կազմված եռյակն ու այլ եվրոպական երկրներ կոչ արել Ռուսաստանին վերանայել ճանաչումը: Առավել ևս, որ կոչի հեղինակները թերևս լավ են պատկերացնում, որ իրենց կոչով Ռուսաստանը որևէ կերպ չի գնա վերանայման, և, եթե կա այդպիսի որևէ տեսական հնարավորություն անգամ, ապա դրան հասնելու ճանապարհը բոլորովին իրենց կոչը չէ:

Ըստ այդմ, ինչո՞վ է պայմանավորված այդ կոչը, որն անկասկած հերթապահ չէ: Ինչու՞ է Արևմուտքը հիշել Աբխազիան և Հարավային Օսիան և արդյո՞ք այդ հիշատակումը ունի նախազգուշական միջոց, Վրաստանի ուղղությամբ ինչ-ինչ անցանկալի զարգացումների մասին տեղեկությունների առկայության պարագայում; Հատկանշական է մի բան, որ այդ կոչը հնչում է Թուրքիայի նախագահ Էրդողանի Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլիի հետ հեռախոսազրույցից հետո, որ տեղի էր ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ: Էրդողանը Ղարիբաշվիլիին դիտողություն էր արել Թուրքիայի և Ադրբեջանի հետ եռակողմ ձևաչափում ոչ ակտիվ լինելու համար, իհարկե արել էր դիվանագիտական լեզվով, նշելով, թե ակնկալում է ակտիվություն: Վրաստանը դեմ է արտահայտվում Կովկասում այսպես կոչված վեցի ձևաչափի թուրքական առաջարկին, որն այլ բան չէ, քան Արևմուտքը դուրս դնելու և Ռուսաստանի հետ Կովկասը ամբողջապես բաժանելու նախաձեռնություն: Հետևաբար, երբ Էրդողանը փաստացի մեղադրում է Վրաստանին ակտիվ չլինելու համար, դա ըստ էության մեղադրանք է «վեցի» տարբերակին ընդդիմանալու, այլ կերպ ասած Արևմևտքին դուրս թողնելու ռուս-թուրքական տարբերակին ընդդիմանալու համար:

Այդ առնչությամբ, դեռևս 44-օրյա պատերազմից հետո բազմաթիվ անգամներ կարծիք եմ հայտնել, որ Հայաստանի պարտությունից հետո հաջորդ թիրախը լինելու է Վրաստանը, որը մնում է այսպես ասած ռուս-թուրքական բաժանման չենթարկված առանցքային գոտին: Իսկ բաժանում այլ կերպ, քան պատերազմ, չի լինում: Արդյո՞ք դրա հնարավոր ռիսկերն են եվրաատլանտյան բեվեռի առաջատար երկրներին «հիշեցրել» Աբխազիայի և Օսիայի հարցը և այդ առնչությամբ «հուշել» Ռուսաստանին ինչ-որ բան զգուշացնելու անհրաժեշտությունը:

Հեղինակ՝ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Оставьте комментарий