Ծանոթացեք. մեր պաշտպանները

Խորհրդարանում մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունների հարցի քննարկման արդյունքում որոշվել է, որ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ է լինելու «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը:

«ՉԻ». Մի ծիծաղեք: Ոչ էլ զարմացեք: Այդպես էլ է լինում: «Հայաստան» դաշինքը մարդու իրավունքների պաշտպանությամբ է զբաղվելու: Չկասկածեք, շատ լավ են պաշտպանելու: Հզոր:

Սեյրան Օհանյանը, օրինակ, հետևելու է, որ զինված ուժերը չխառնվեն քաղաքականությանը, իշխանությունների ձեռքում գործիք չդառնան, ռազմական ստորաբաժանումները սահմանները պահելու փոխարեն Երևան չբերվեն ու չկրակեն ժողովրդի վրա: Չէ՞ որ դա մարդու հիմնարար ազատությունների և իրավունքների կոպիտ խախտում է: Ամեն ինչ անելու է, որ բանակում գեներալները զինվորների հացը չուտեն, բանակի փողերով դղյակներ չկառուցեն, Սևանա լճի ափին ապարտամենտներ չունենան: Չէ՞ որ դա զինվորի հաշվին է արվում:

Արմենչիկը խոսքի ազատության ոլորտն է մոնիտորինգի ենթարկելու: Հետևելու է, որ հանկարծ լրատվամիջոցներին չնեղեն: Հետամուտ է լինելու, որ հանկարծ վարչապետի սիրելի խորհրդականը հանկարծ չվերահսկի հեռուստաընկերությունների գործունեությունը, չզանգի, ասի՝ սա եթեր չի գնում, սա գնում է, սրան հանկարծ եթեր չտաք, սրա մասին մենակ բացասական ռեպորտաժներ կսարքեք: Եվ իհարկե, կբարձրաձայնի, եթե հանկարծ վարչապետի սիրելի խորհրդականը անհնազանդ լրատվամիջոցներին պատժելու համար հարկայիններ ուղարկի, ասի՝ կեղտ գտեք, փակեք լրատվամիջոցը: Բա ո՞նց:

Աղվան Վարդանյանը պաշտպանելու է ծնողազուրկ երեխաների և թոշակառուների իրավունքները: Կտեսնեք, ոնց է դոշ տալու, որ մանկատների համար հատկացվող պետական գումարները որոշ վայ-չինովնիկներ գրպանը չդնեն, հանգուցյալ թոշակառուների անուններով փողեր դուրս չգրվեն, որ ոլորտի պատասխանատուները դղյակներ չկառուցեն: Հաստատ:

Արմեն Ռուստամյանը, պարզ է արդեն, պայքարելու է ահաբեկչության դեմ: Ահաբեկչությունը 21-րդ դարի չարիք է, ո՞վ, եթե ոչ Արմեն Ռուստամյանը դա պիտի իմանա: Արմատախիլ է անելու ահաբեկչությունը ծնող երևույթները, քանի որ դրանք մարդու կյանքին սպառնացող վտանգներ են, առաջարկելու է, որ ահաբեկչական գործունեությամբ աչքի ընկած քաղաքական կուսակցությունների գործունեությունն արգելվի, բացի բանակից, զինված այլ կառույցներ չլինեն: Բան ենք ասում:

Մնաց Ռոբերտ Քոչարյանը: Ի՞նչ ասենք. ինքներդ գիտեք, թե այդ մարդը տարիներ շարունակ ոնց է պայքարել մարդու իրավունքների համար: Իրեն չի խնայել, որպեսզի ընտրություններում կեղծիքներ չլինեն, որպեսզի օրը ցերեկով մարդկանց փողոցներում ու սրճարաններում չսպանեն, որպեսզի տնտեսությունը չմոնոպոլիզացվի, որպեսզի իշխանությունը չզավթվի, որպեսզի երկրի հարստությունները չյուրացվեն կամ օտարներին չհանձնվեն, որպեսզի հանկարծ անկախ լրատվամիջոցներ չփակվեն, որպեսզի հարյուրավոր քաղբանտարկյալներ չլինեն, որպեսզի անկախ դատական համակարգ ունենանք, որպեսզի մարդկանց քաղմասերում ու կալանավայրերում չխոշտանգեն ու հաշմանդամ չդարձնեն, որպեսզի Եվրադատարաններում Հայաստանը ծիծաղի առարկա չլինի, որպեսզի մեր պետությունը օտարների ֆորպոստ չլինի: Ո՞ր մեկը ասենք: Նոբելյան մրցանակ՝ այս մարդուն:

Оставьте комментарий