Արմեն Չարչյանի ներողության թեստը

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, այժմ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Չարչյանը՝ պատասխանելով Armeniasputnik.am-ի լրագրողի այն դիտարկմանը, որ ինքն առաջին բժիշկն է, որը ձերբակալվել է ոչ թե բժշկական, այլ քաղաքական գործունեության համար, ասել է. «Այո, ես առաջին ձերբակալված բժիշկն եմ»:

«ՉԻ». Շուտ-շուտ ասեք՝ չմոռանաք: Ոնց է երևում, որ Արմեն Չարչյանը (գուցե նաև նրան հարց տվող լրագրողը), առաջին քայլերն է անում քաղաքականության մեջ: Որովհետև անթաքույց հպարտությամբ է նշում, որ առաջին ձերբակալված բժիշկն է:

Իսկ որ մի քիչ ավելի շատ թերթ կարդար, մի քիչ ավելի շատ իր հայրենիքով հետաքրքրվեր, հաստատ նման բան չէր ասի:

Մենք էս վերջերս գրեցինք, որ չկա այդպիսի հանցանք, ապօրինություն, որը «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները վերագրում են իշխանություններին, ու իրենք դա արած չլինեն: Չկա այդպիսի բան:

Արմեն Չարչյանը երևի չգիտի, որ Հայաստանում ապրում է բժիշկ-վիրաբույժ Արտակ Զեյնալյանը: Մարդ, որն իր մասնագիտական պարտականությունները արցախյան պատերազմի ժամանակ կատարելիս ոտք է կորցրել:

Արմեն Չարչյանը գիտի՞, որ 2004թ. ապրիլի 12-ի ոճրագործության ժամանակ Արտակ Զեյնալյանին ձերբակալել էին: Գիտի՞, որ Քոչարյանի (ռուսերեն դիպուկ է հնչում՝ отморозки) բանդիտները մտել էին «Հանրապետություն» կուսակցության գրասենյակ, ամբողջ տեխնիկան ջարդել, այնտեղ գտնվող կանանց ծեծելով դուրս հանել, իսկ Արտակ Զեյնալյանին քաշքշելով գցել գետնին: Այո, մի ոտքը կորցրած բժշկին գցել էին գետնին: Հետո ձեռներից բռնել, տարել, գցել «կուտուզկա», հետո՝ ձերբակալել ու տարել բանտ:

Ոչ, չգիտի Արմեն Չարչյանը այս մասին: Կամ էլ գիտի, բայց անամոթաբար ստում է: Ինչը բնավ բացառված չէ. իրենց մոտ դա նորմալ երևույթ է: Ընդունենք՝ այս տողերը Արմեն Չարչյանը կարդաց, ի՞նչ է անելու. ներողությո՞ւն է խնդրելու իր առաջնորդի ղալաթների համար, որ իր՝ թեկուզ նախկին գործընկերոջը ձերբակալել է տվել:

Կամ՝ ասի, կներեք, չգիտեի, որ ինձանից առաջ քաղաքական գործունեության համար ձերբակալված բժիշկ է եղել: Մենք, իհարկե, գիտենք, թե ինչպես կարձագանքի, բայց բան չենք ասում, համարեք, որ սա յուրօրինակ թեստ է՝ ստուգելու իրեն առաջին ձերբակալված բժիշկ համարող մարդու պարկեշտության աստիճանը:

Հ.Գ. Երբ 2004-ին բժիշկ Արտակ Զեյնալյանին ձերբակալեցին, Ամենայն Հայոցը մի հատ ծպտուն չհանեց: Երևի այն պատճառով, որ պրն Զեյնալյանը հետը օրթախ ընկեր չէր:
https://4rd.am/

Оставьте комментарий