ԱԺ-ում վիճակը լարվեց. անվտանգության աշխատակիցները մտան դահլիճ, նիստն ընդհատվեց

Ազգային ժողովի նիստի ժամանակ իրավիճակը լարվեց։ ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանն իր ելույթում դիմեց մեծամասնությանը․ «Էդ որ կառուցողական խոսքեր, ատելության քարոզ, նորմալ արտահայտվելու կոչեր եք անում, հիշեք ձեր քաղաքական ղեկավարի հնչեցրած միտքը։ Էն որ ասում էր՝ ընդդիմադիրներին կբռնեմ կշինեմ։ Հետևաբար, նստեք, համակերպվեք և լսեք։ Իսկ ԱԺ նախագահը պարտավոր է պատշաճ կերպով կազմակերպել Ազգային ժողովի գործունեությունը»։

Արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը․ «Կարծում եմ՝ մեր բնակչությունը պատասխանել է ձեր որակումներին, թե ով է կապիտուլյանտը և ով է հողատուն»։ Պատգամավորների միջև վեճ ծավալվեց։ «Ես ներս եմ հրավիրում անվտանգության աշխատակիցներին, խնդրում եմ կարգ ու կանոն հաստատել դահլիճում, եթերն անջատեք»,- ասաց Ալեն Սիմոնյանը։ Միջամտության համար նիստերի դահլիճ եկան անվտանգության աշխատակիցները։ ԱԺ նիստերի հեռարձակումը դադարեցվեց։

Оставьте комментарий