Էմանուել Մակրոնը միանում է Հայաստանի համար հետաքրքիր նախաձեռնությանը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նորընտիր նախագահ Իբրահիմ Ռայիսիի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են թե միջազգային նշանակության, թե երկկողմ նշանակության, թե նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցության շարունակությանը վերաբերող հարցեր:

Ֆրանսիայի և Իրանի նախագահների հեռախոսազրույցը սակայն ուշադրության է արժանի թերևս մեկ այլ կարևոր հանգամանքի ֆոնին: Խոսքը ազդարարված «բաղդադյան պլատֆորմի» մասին է, որ ըստ փորձագետների ԱՄՆ հետ քննարկումների արդյունքում նախաձեռնում է Իրաքի կառավարությունը:

Բանն այն է, որ այդ պլատֆորմի շրջանակում տեղի ունենալիք անվտանգային համաժողովին ծրագրվում է նաև հրավեր Իրանին: Միաժամանակ, Ֆրանսիայի նախագահի աշխատակազմը արդեն տեղեկացրել է, որ նախագահ Մակրոնը կմասնակցի բաղդադյան պլատֆորմի համաժողովին:

Ահա այդ իմաստով, մեծ հավանականությամբ Ֆրանսիայի նախագահը Իրանի նոր նախագահի հետ հեռախոսազրույցում փորձել է թերևս քննարկել Իրանի մասնակցության անհրաժեշտությունն ու հրավերն ընդունելու կարևորությունը: Դրա մասին է թերևս վկայում Մակրոն-Ռայիսի հեռախոսազրույցի մասին հաղորդագրության մեջ Իրանի նախագահի մտքի վերարտադրությունը:

Ռայիսին ասել է, որ Իսլամական Հանրապետությունը շատ լուրջ է վերաբերվում Պարսից ծոցի տարածաշրջանում և Օմանի ծովում անվտանգության ապահովմանը և դիմակայելու է անվտանգությունը խախտող գործոններին: Իրանի նախագահի այս խոսքը վկայում է, որ իրաքյան նախաձեռնությանը Թեհրանի միանալու հարցը քննարկվել է, սակայն բավականին բազմիմաստ տպավորություն է ստեղծվում այդ հեռանկարի հանդեպ նախագահ Ռայիսի վերաբերմունքի առումով:

Թեհրանը դրակա՞ն է տրամադրված, թե՞ ունի որոշակի նախապայմաններ՝ մասնակցության համար: Բանն այն է, որ պլատֆորմը կարող է վերածվել իրան-ամերիկյան երկխոսության յուրօրինակ միջնորդավորված հարթակի, ինչը էապես կարող է փոխել թե ռեգիոնալ, թե լայն իմաստով միջազգային անվտանգային միջավայրը, ինչի մասին խոսել էի նախօրեին հրապարակված հոդվածում:

Այդ իմաստով, Իրանի ներգրավվածությունը ողջունելի կարող է լինել նաև Հայաստանի համար:Ավելորդ է խոսել Ֆրանսիայի ներգրավվածության մասին: Եվ ընդհանրապես, Հայաստանը բացառությամբ Թուրքիայի, երկկողմ լավ հարաբերություն և այն խորացնելու հնարավորություն ունի իրաքյան կամ բաղդադյան անվտանգային պլատֆորմի շուրջ խմբվող գործնականում բոլոր պետությունների հետ, այդ թվում Կատար, Եգիպտոս, Արաբական Միացյալ Էմիրություններ:

Ֆրանսիայի նախագահի ուղիղ ներգրավումը այդ գործընթացին Հայաստանի համար էլ ավելի է բարձրացնում դրա հաջողության կարևորությունը, ստեղծելով անվտանգային քաղաքականության աշխատանքի կարևոր ուղղոււթյուն և հարթակ, որի ուղիղ մասնակից չլինելով, Հայաստանն այդուհանդերձ կարող է  լինել առանցքային շահառու:

Оставьте комментарий