Լրիվ ուրիշ Ռուբեն Վարդազարյան

« — Այսինքն՝ ամեն դեպքում վերադառնալո՞ւ եք և վենդետա լինելո՞ւ է։

— Վերադառնալու եմ և իրական վեթինգ եմ իրականացնելու»։

Սա հատված էր ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի հարցազրույցից՝ տրված ArmDaily.am կայքին:

«ՉԻ». Չմեռանք, էս էլ տեսանք: Ռուբեն Վարդազարյանը, որն ամենախայտառակ դատարանի՝ Կենտրոնի առաջին ատյանի դատարանի նախագահն էր, բողոքում է դատարանների աշխատանքից: Սա այն դատարանն է, որն ամենակոռումպացված և քաղաքական ուղղորդումների դատարանի համբավն ուներ: Դատարան, որի միջոցով էին նախկին իշխանությունները իրականացնում իրավական շղարշով պարուրված իրենց հանցագործությունները:

Չխորանալով, թե որքանով է արժանահավատ ու օրինական նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը՝ նշենք, որ արդարություն կա՛, կա՛ արդարություն: Հիմա Վարդազարյանը ճիշտ նույն վիճակի մեջ է, ինչ հազարավոր քաղաքացիներ Կենտրոնի առաջին ատյանի դատարանում հայտնվելիս: Հիմա Վարդազարյանը թերևս հասկանում է, թե ինչ է նշանակում, երբ դատավորը նախապես գիտի, թե ինչ դատական ակտ պետք է կայացնի: Եթե մի փոքր էլ շփվի այդ դատական ակտերի հետևանքով քրեակատարողական հիմնարկների բարքերի հետ, կարող է մի ուրիշ Ռուբեն Վարդազարյան դառնալ:

Տեսեք, դեռ չի պատժվել, ընդամենը պաշտոնից է զրկվել, բայց արդեն խոսում է վեթինգի անհրաժեշտությունից: Մինչդեռ ձմռանը և դրանից առաջ հայտարարում էր, որ ոչ մի վեթինգ, չի կարելի կասկածի տակ դնել դատարանների օրինական վճիռները և դատավճիռները: Եթե մի քանի ամիս նստի, կարող է ասել, որ բոլոր դատավորները պետք է մահապատժի ենթարկվեն:

Оставьте комментарий