Խորհրդարանի սրացման ներքին ու արտաքին երանգները

Հայաստանի խորհրդարանի օգոստոսի 11-ի նիստը գրեթե վերածվում էր ձեռնամարտի, որի նուրբ հրահրումը դարձյալ գալիս էր արմատական ընդդիմության տիրույթից: Ընդ որում, այստեղ նշմարվում է բավականին ուշագրավ մի պատկեր: «Հայաստան» և «Պատիվ ունեմ»  դաշինքները պայմանականորեն բաժանվում են վարքագծային երկու դրսևորումներ կրող թևերի: Թև, որը մնալով իշխանության հասցեին կոշտ քննադատության և հռետտորաբանության դիրքում, այդուհանդերձ մնում է նաև խորհրդարանական-քաղաքական վարքագծի շրջանակում, և թև, որը խորհրդարանում կարծես թե այդ ուժերի փողոցային ակցիաների «տրանսլյատորն» է՝ համապատասխան, հետպատերազմյան ամիսներից հանրությանը ծանոթ գրեթե փողոցային հռետորաբանությամբ: Սա արմատական ընդդիմության համար աշխատանքի բաժանու՞մ է, թե՞ ներընդդիմադիր բաժանարար գծերի առկայություն և դրսևորում:

Այդ հարցը թերևս ունի գոյություն ունենալու հիմք, եթե նկատի առնենք այն, որ այսպես ասած շատ բուռն մեկնարկային ակտից հետո, խորհրդարանական ընդդիմության և մեծամասնության աշխատանքը այդուհանդերձ նկատելիորեն մոտենում էր խորհրդարանական հարթակին բնորոշ ռեժիմի: Իհարկե, գուցե այդ տրամադրությունը խաբկանք էր, սակայն հատկանշական է, որ դրանով հանդերձ, օգոստոսի 11-ին տեղի ունեցավ բավականին ուժգին բռնկում:

Արդյո՞ք խորհրդարանական այդ հանգամանքը պայմանավորված էր խորհրդարանի ընդդիմության ներսում եղած հենց տարակարծությամբ՝ պե՞տք է գնալ խորհրդարանական հարթակին համարժեք վարքագծի, թե՞ պետք է այդ հարթակ բերել մինչ այդ եղած փողոցային-հրապարակային վարքագիծը: Այդ հանգամանքից զատ, ուշադրության է արժանի գուցե նաև այն, որ Հայաստանի խորհրդարանում իրավիճակը բախման սցենարով է տարվում մի փուլում, երբ նկատելի է դառնում արտաքին, ռեգիոնալ բարդ հարցերում պաշտոնական Երևանի դիրքորոշումների կոշտացումը, ինչը կարող է բխել որոշակի ինքնավստահությունից, ու նաև ռեգիոնալ իրադրության փոփոխության միտումներից՝ պայմանավորված գուցե Մինսկի խմբի երեք համանախագահների միջև որոշակի քննարկումներով, ինչը ակնհայտ մտահոգություններ է առաջացնում Ադրբեջանի, և ավելի շատ գուցե Թուրքիայի մոտ:

Ահա այդ ֆոնին, երբ Ադրբեջանն իր մտահոգությունները արտահայտում է սահմանային սրացումներով, այդ թվում՝ Արցախի հատվածում, սուր իրավիճակներ են խթանվում նաև Հայաստանի խորհրդարանում: Պատահակա՞ն զուգորդում է, թե՞ նրբորեն հեռակառավարվող: Համենայնդեպս, Հայաստանում այդպիսի զուգորդումները ցավոք սրտի աննախադեպ չեն:

Հեղինակ՝ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Оставьте комментарий