Ձեզ էլ էին դավաճան անվանում, հետո կոալիցիա կազմեցիք

ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքի իր էջում գրել է. «ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի «ՔՊ»-ի թեկնածուն իր «ծրագրային» ելույթում ոչ մի բառ, կրկնում եմ՝ ոչ մի բառ չասեց Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման մասին, ինչպես նաև թուրքական ժխտողականության մասին։ 

Սա է սրանց «իզմեր» չունենալու արդյունքը։

Հրաժարվել ցեղասպանության միջազգային ճանաչումից՝ ահա սրանց իրական «քաղաքական» դիմագիծը։
Դավաճանությունն էլ ո՞նց է լինում»։

«ՉԻ». Դավաճանությունը չգիտենք՝ ոնց է լինում, բայց այ նման որակի քննադատության պատճառով է գործող իշխանությունը վերարտադրվում:

Այսպիսի չհիմնավորված քննադատության պատճառով է, որ 10 ամիս տևող դավաճանության մասին պնդումները արձագանք չստացան հանրության կողմից: Դրա պատճառով է, որ ՊՈՒ դաշինքը միայն իրավունքի ուժով հայտնվեց խորհրդարանում:

Անցյալ տարի էլ Նիկոլ Փաշինյանը հիշել էր Սևրի պայմանագիրը, հիմա ըստ Շարմազանովի տրամաբանության ի՞նչ է ստացվում՝ Փաշինյանը մեծ հայրենասե՞ր էր, գոնե մինչև 2020 թվականի օգոստոսի 10-ը: Կամ ողջունեց ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության ճանաչումը, և ի՞նչ, այդ օրը արձակուրդ էր վերցրել ու չէ՞ր զբաղվում դավաճանությամբ:

Նախկին ռեժիմը իր գոյության 10 տարիների ընթացքում միայն մեկ խելացի պետականամետ նախաձեռնությամբ է հանդես եկել՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հայտնի պրոտոկոլները ստորագրելով: Այն կյանքի չկոչվեց Հայաստանի իշխանությունների կամքից անկախ, բայց Շարմազանովը այդ մի խելացի քայլն էլ է փորձում զրոյացնել: Իմիջիայլոց, այդ ժամանակ իրենց էլ դաշնակներն էին դավաճան անվանում: Բայց հետո ոչինչ, ամեն ինչ ուղղվեց, և մեծ հայրենասերներն ու դավաճանները կրկին կոալիցիա կազմեցին:

Հ.Գ. Ինչ վերաբերում է իզմերին: Սրանք գոնե անկեղծ ասում են, որ գաղափարախոսություն չունեն: Ո՞ւմ էր պետք ձեր գաղափարախոսությունը, իբր պահպանողական կամ նժդեհական լինելը: Եթե ինչ-որ հրաշքով Գարեգին Նժդեհը վերակենդանանար ու տեսներ իր ժառանգորդներին, թերևս հրաժարվեր իր գաղափարներից, միայն թե ձեզ հետ չասոցացվեր:

Оставьте комментарий