Մի 10 տարի էլ իշխանության մնային, օժիտի մեջ Միքելանջելոյի ու Վան Գոգի կտավներն էլ կհայտնվեին․

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը «Հայաստան» դաշինքից ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածու, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանին հարցրել է. «Հայտարարագրել եք Հովհաննես Այվազովսկուց և Սարյանից մեկական նկար։ Կպատմե՞ք այդ նկարների մասին, ստեղծագործական ո՞ր ժամանակահատվածին են վերաբերում, ո՞նց եք ձեռք բերել։ Կանխե՞լ եք արտահանումը, թե՞ ներկրել եք»:

Վահե Հակոբյանը պատասխանել է. «Շատ ուրախ եմ, որ իմ ունեցվածքի հանդեպ նման հետաքրքրություն կա, բայց ինչ-որ տեղ պետք է… լավ, անցանք… դա իմ կնոջ սեփականությունն է եղել, որը նրան տրվել է որպես ժառանգություն։ Այվազովսկու փոքրիկ նկարը, եթե ճիշտ եմ հիշում, կոչվում է «Փոթորիկ»։ Առանձնապես արժեք չունի, մեծ չի։ Գտնվում է ՀՀ-ում, Սարյանի կտավը՝ նույնպես։ Ժառանգություն են՝ օժիտ»։

«ՉԻ». Մենք էլ ասում ենք՝ էս ինչի՞ է Վահե Հակոբյանը աշնանը, ձմռանը, գարնանը, ընդհանրապես՝ տարվա բոլոր եղանակներին քաղաքական փոթորիկ խոստանում: Դու մի ասա, Այվազովսկու «Փոթորիկ» կտավի մոգական ազդեցության տակ է եղել: Ինչպես Քոչարյանն է Այվազովսկու «Հինգերորդ ալիք» կտավից ազդվել: 

Իսկ թե ոնց է Այվազովսկու կտավը ժառանգաօժիտախառն հայտնվել Վահե Հակոբյանի մոտ, բոլորին հայտնի փաստ է: Երբ հայ մեծանուն ծովանկարիչը Հայաստան է եկել, սկզբում նկարել է «Դաշնակներն իջնում են Արարատ լեռից» հայտնի կտավը, հետո գնացել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, ճամփին փոթորիկ է եղել, տեղում դա նկարել է, թողել կոմբինատի տարածքում… Հետո, երբ կոմբինատը որպես օժիտ անցել է Վահե Հակոբյանին, նկարն էլ էդ օժիտի մեջ է եղել: Ու տենց… 

Մարդ այ սենց բախտ պիտի ունենա, որ օժիտով Այվազովսկի ու Սարյան ստանա: Մի 10 տարի էլ իշխանության մնային, օժիտի մեջ Միքելանջելոյի ու Վան Գոգի կտավներն էլ կհայտնվեին:

Оставьте комментарий