Սեյրան Օհանյանի ափսոսալի հետագիծը

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ով «Հայաստան» խմբակցության ղեկավարն է, նոր խորհրդարանում հայտարարել է, որ նախագահներ Քոչարյանի և Սարգսյանի ժամանակ ձեռք բերած սպառազինությունը համախառն իմաստով ավելին է, քան 2018-ից հետո ձեռք բերածը:

Հասկանալի է, որ Սեյրան Օհանյանը այդպիսով մտնում է նախկին-ներկա քաղաքական բանավեճի իր բաժին հատված և փորձում պահել նախկին իշխանությանը, որի կազմում է եղել մինչև 2016  թվական, հետո եղել է այդ նախկին իշխանության մի հատվածին ընդդիմություն, և ներկայումս ընդդիմություն է խորհրդարանում ներկայիս իշխանությանը: Այդ իմաստով, բավականին տխուր ու ափսոսալի է Սեյրան Օհանյանի կարգավիճակը ներկայումս, երբ այն համեմատում ենք նրա նախարարության տարիներին և այդ ընթացքում հայկական բանակի հանդեպ ռազմա-քաղաքական հետաքրքրությանը, որ կար համաշխարհային ուժային կենտրոններում, մասնավորապես եվրաատլանտյան անվտանգային համակարգում, ինչը հիմնարար նշանակություն ուներ Հայաստանի՝ 2013  թվականի եվրասիական գիշերվա հետևանքով լրջորեն խարխլված ռազմա-քաղաքական միջավայրը վերականգնելու հարցում:  Այդ ուշադրությունն արտահայտվում էր բնականաբար նախարար Օհանյանի անձի հանդեպ ուշադրությամբ, այդ թվում նաև նրա ոչ միայն զինվորական, այլ գուցե թե ավելի շուտ քաղաքական և ռազմա-քաղաքական որակների դիտարկման համատեքստում:

Եվ թերևս հենց այդ հանգամանքն էր պատճառը, որ հենց իշխանության ներսից սկսեց քարոզչական գրոհ նախարար Սեյրան Օհանյանի դեմ, ինչի մասին բազմիցս արտահայտվել է նաև նրա տիկինը, որը այդ գրոհի հիմնական թիրախն էր հայտնի մոտիվներով: Գործնականում սակայն, նախկին կառավարող համակարգում ուժեղ մրցակցություն էր 2018-ին ընդառաջ, երբ Սերժ Սարգսյանը վայր էր դնելու նախագահի լիազորությունը և առաջանալու էր նոր նախագահի կամ վարչապետի հարց, և Սեյրան Օհանյանն ու նրա հանդեպ միջազգային բուռն ուշադրությունը ուղղակի լուրջ մտահոգություն էին առաջացնում կառավարող համակարգի «ժառանգորդի» մյուս հավակնորդների շրջանում: Այդ մտահոգությունը գագաթնակետին հասավ 2016-ի քառօրյայից հետո, երբ Օհանյանը դարձել էր միջազգային ուշադրության կենտրոն, նրան էին այցելում Հայաստանում հավատարմագրված դեսպաններ:

Օհանյանը սակայն հեռացվեց, և դրանում մեղմ ասած երկրորդական չէր նրա դեմ քարոզչության էֆեկտը: Ահա այդ բավականին բուռն հետագծի պայմաններում Սեյրան Օհանյանի ներկայիս կարգավիճակն ու գործունեությունը ստեղծում է բավականին տխուր կոնտրաստ, այդ թվում և նախկին-ներկա «դիսկուրսում»: Առավել ևս, որ Սեյրան Օհանյանը լինելով պաշտպանության նախարար, լավագույնս գիտե, թե  հայկական պաշտպանական համակարգը որքան անհամարժեք է եղել առկա մարտահրավերներին և ժամանակակից ռազմական միտումներին ու հակառակորդի ձեռքբերումներին դեռևս մինչև ապրիլյան պատերազմը: Ասել կուզի, սպառազինության քանակը չէ գլխավորը, որովհետև քանակից բացի շատ կարևոր է որակը, ընդ որում ոչ միայն տեխնիկական, այլ սպառազինության բնույթի իմաստով, որպեսզի 2016-ի քառօրյայից հետո հայկական կողմի զինված ուժերի առանցքային «բանախոսը» չլիներ «անօդաչու թռչունների» «գիտակ» պաշտոնաթող գեներալը:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Հեղինակ՝ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Оставьте комментарий