Միամտություն կլինի կարծել՝ Ալիևի այս խոսքերն ուղղված են հայ լսարանին կամ ՀՀ ղեկավարությանը։ Դրանք ուղղված են Ռուսաստանին ու պարունակում են հատուկ մեսիջ … Վահե Աղաջանյան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ չի հասկանում՝ ինչու է Ռուսաստանը զինում Հայաստանին և նա ակնկալում է, որ Ռուսաստանը կդադարեցնի սպառազինություն մատակարարել ՀՀ զինված ուժերին։ Ալիևը նաև նշել է, որ ռուս խաղաղապահները միայն ժամանակավոր են գտնվում Ադրբեջանի տարածքում (նկատի ունի Արցախը)։

Միամտություն կլինի կարծել, թե Ալիևի այս խոսքերն ուղղված են հայ լսարանին կամ ՀՀ ղեկավարությանը։ Դրանք, ինչպես նաև այս հայտարարությանը նախորդած մի շարք քայլեր` սրացումներ սահմանին և այլն, ուղղված են Ռուսաստանին ու պարունակում են հատուկ մեսիջ։ Ադրբեջանի համար Ռուսաստանը դարձել է անկանխատեսելի։

Ակնհայտ է, որ պատերազմի ավարտից հետո Ադրբեջանին պետք է տրվեին բաներ, որոնք դեռևս չեն տրվում, Ռուսաստանը համառորեն շարունակում է չլուծել տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակման, դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերը, իսկ եթե ավելի ուղիղ խոսենք, ապա Ռուսաստանը հրաժարվում է Ադրբեջանին տրամադրել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը ու այդ ընթացքում սկսում է զինել Հայաստանին, ինչը, միանշանակ, չի մտնում Ադրբեջանի ծրագրերի մեջ, ինչի մասին էլ հենց խոսեց Ալիևը։

Այնուհետև Ռուսաստանի քաղաքականությունից ու ծրագրերից առավել խորատեղյակ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ոչ ոք չգիտի, թե ինչ ծրագիր ունեն ռուսներն այս տարածաշրջանի հետ կապված` ակնարկելով, որ ռուսական կայսրությունն բոլորովին մտադիր չէ Անդրկովկասը հանձնել Թուրքիային և Ռուսաստանի հետագա քայլերը պետք է դիտարկել այդ տրամաբանության մեջ։

Տեր-Պետրոսյանը, որը շատ ջերմ հարաբերություններ ունի ՌԴ ղեկավարության հետ և գիտի ռուսների ծրագրի մասին, նաև ակնարկեց, որ Ռուսաստանը չի հեռանալու Արցախից, ինչը ևս չի մտնում Ադրբեջանի նախագահի ծրագրերի մեջ։

Ռուսաստանի ծրագրի մասին շատ լավ գիտի նաև ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, դրա համար էլ ամեն գնով ձգտում էր գալ իշխանության։ Ռուսաստանի ծրագրի մասին շատ լավ գիտի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դրա համար էլ ամեն գնով մնաց իշխանության։

Ի վերջո, մեզանից ոչ ոք չգիտի, թե փակ դռների ետևում ինչ են խոսում ու քննարկում Փաշինյանն ու Պուտինը։ Ժամանակն աշխատում է Հայաստանի օգտին։ Պետք է լինել համբերատար, պետք է լինել լավատես, պետք է շատ արագ հաղթահարել հետպա տերազմյա սթրեսը, չտառապել պարտության բարդույթով և շարժվել առաջ։

Оставьте комментарий