Ալիևի խաղաղություն պարտադրելու անփոփոխ բանաձևը. բայց մի բան թերևս պետք է փոխվի

CNN Turk-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ խաղաղություն կլինի միայն այն դեպքում, երբ Հայաստանն ու Ադրբեջանը կճանաչեն միմյանց տարածքային ամբողջությունը: Այլ կերպ ասած, Ալիևը խաղաղությունը կապում է Հայաստանին ադրբեջանական օրակարգի պարտադրման հետ, որովհետև Բաքուն տարածքային ամբողջության ճանաչում ասվածի ներքո առաջին հերթին իհարկե դիտարկում է Հայաստանին Արցախի կարգավիճակից հրաժարում պարտադրելը, որովհետև Հայաստանի համար այդ հարցն օրակարգից դուրս բերելու դեպքում, Ալիևը կարող է այլևս շատ ավելի ագրեսիվ քաղաքականություն վարել Արցախի կարգավիճակի հարցն ընդհանրապես չեզոքացնելու համար:

Երևանն ինչպես հայտնի է, ունի իր հստակ դիրքորոշումը՝ Արցախի կարգավիճակը առաջնային և անփոխարինելի, անսակարկելի հարց է և չի կարող կապվել սահմանազատման և սահմանագծման գործընթացի հետ: Երևանն իր հերթին հայտարարում է, որ պատրաստ է խաղաղ բանակցության, պատրաստ է խաղաղության և քննարկումների:

Այդպիսով, ակնառու է, որ կողմերի դիրքորոշումները իրարամերժ են և գոնե տեսանելի ապագայում չի պատկերանում, թե ինչ հատման կետ կարող են ունենալ խաղաղության ռեժիմի շուրջ խոսելու համար: Դա էլ իր հերթին վերհաստատում է հայտնի իրողությունը՝ դեռևս առաջին արցախյան պատերազմից հետո առկա իրավիճակի համար հայտնի: Որքան էլ Երևանը պատրաստ լինի խաղաղության, ունի դրա համար անհրաժեշտ մի անելիք՝ ուժեղանալ, ամրանալ, զարգանալ, արդիականանալ, և բոլոր իմաստներով, տնտեսություն, պաշտպանություն, քաղաքականություն, հասարակական համակեցություն:

Աշխարհաքաղաքական իրավիճակը մեր ռեգիոնում դեռ շատ երկար ժամանակ լինելու է այնպիսին, որ չի լինելու «ստերիլ խաղաղության» պարտադրում Ալիևին: Կարող են լինել լայնամասշտաբ լարվածության արգելքներ, սակայն սահմանային սադրանքների և շանտաժի քաղաքականությունից հրաժարումի պարտադրում կարող է լինել միմիայն Հայաստանից՝ Հայաստաի դիմադրունակության միջոցով: Սա առավել քան պարզ է արձանագրման մակարդակում, սակայն, ինչպես համենայնդեպս ցույց է տվել ժամանակը մինչ այժմ՝ չափազանց բարդ է գործնականում հասնելու իմաստով:

Այստեղ է նաև, որ ընդգծվում է մի հանգամանք՝ դրան հասնելու համար թերևս անհրաժեշտ է նոր տնտեսական և քաղաքական էլիտա, նոր տնտեսական ու քաղաքական խմբեր, թեկուզ գաղափարապես մրցակից, բայց որակապես նույն դաշտում գտնվող: Որովհետև, նախորդ քաղաքական դասը, դաշտում ներգրավված նախորդ ժամանակաշրջանի սեգմենտները գործնականում ձախողել են արդյունավետ գործունեության հնարավորությունը, լինելով թե իշխանության, թե ընդդիմության կարգավիճակներում:

Հայաստանը քաղաքական հավաքական անարդյունավետության դաշտից դուրս բերելու համար տնտեսական և քաղաքական, հանրային էլիտայի սերնդափոխությունը՝ ոչ բոլոր դեպքերում զուտ ֆիզիկական սերնդափոխությունը, Հայաստանի համար դարձել է խիստ անհրաժեշտություն, ժամանակի ընթացքում կենսական դառնալու հրամայականով:

Հեղինակ՝ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Оставьте комментарий