Ամերիկան չուներ գեթ մեկ Պապյան

Կանադայում ՀՀ նախկին դեսպան, քաղաքագետ Արա Պապյանը ֆեյսբուքի իր էջում վերլուծել է իրավիճակը Աֆղանստանում ու վերջում ավելացրել. «Հիմա էլ եք կարծում, որ ԱՄՆ պարտվե՞ց: Հիշեցում՝ ԱՄՆ գտնվում է օվկիանոսից այն կողմ, և թալիբները միջցամաքային հրթիռներ չունեն»:

«ՉԻ». Տեսեք, թե ինչ հետևանքներ է ունենում աշխարհագրություն առարկային վատ տիրապետելը. Միացյալ նահանգները տրիլիոն դոլար ծախսեց, հազարավոր զոհեր ունեցավ, բայց եթե իմանար, որ Աֆղանստանը գտնվում է օվկիանոսից այն կողմ, իհարկե, չէր գնա նման քայլի:

Ասում են՝ Ամերիկայի համար ինստիտուտներ են աշխատում, բայց 2001 թվականին մի Պապյան չունեին, որ հուշեր՝ թալիբները միջմայրցամաքային հրթիռներ չունեն, պարզապես պետք է լավ վերահսկողություն սահմանել սեփական օդանավակայանների նկատմամբ, ու վերջ:

Կարելի է շեշտադրել, որ ԱՄՆ-ը վաղուց էր հասկացել՝ Աֆղանստանում հնարավոր չէ հաղթել, կարելի է արձանագրել, որ աֆղանական կոռուպցիան ավելի հզոր էր, քան ամերիկյան օգնությունը, կարելի է խոստովանել, որ Աֆղանստանում Միացյալ նահանգները խաղադրույքներ կատարեց թուլամորթ ուժերի ու գործիչների վրա, ուստի դրանք էին պարտության պատճառները: Բայց ոչ, հայտնվում է Պապյանը և հայտարարում՝ չկա պարտություն ու վերջ:

Միայն թե Բայդենի վարչակազմը չկարդա Պապյանին, չտոգորվի նրա լավատեսությամբ ու հաղթական շքերթ չկազմակերպի Վաշինգտոնում:

Оставьте комментарий