Թուրքիան Ալիևից պահանջո՞ւմ է «պատերազմի պարտքը»

Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների միջև: Նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունը, ռեգիոնալ իրադրությունն ու Աֆղանստանում համատեղ խաղաղապահ առաքելությունը:

Միաժամանակ, այսօր հայտնի է դարձել նաև, որ Թուրքիա է մեկնում Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովը: Այդ ամենը հաջորդում է փաստորեն CNN Turk-ով հեռարձակված Ալիևի հետ հարցազրույցին, որում նա ռևերանս էր անում Թուրքիային և գրեթե բաց տեքստով խոստովանում, որ առանց Թուրքիայի չէր հաղթի Արցախի դեմ պատերազմը, միաժամանակ մտայոգություն էր հայտնում այն հանգամանքով, որ Ռուսաստանը զինում է Հայաստանին:

Ալիևի հարցազրույցը հնարավոր է դիտարկել տարբեր ասպեկտներից և մոտիվներով, սակայն բավականին նշմարելի է այն «թելը», որով Բաքվի ղեկավարը փորձում էր Թուրքիայի ուշադրությունը հրավիրել Կովկասի վրա: Սա կարող է հնչել տարօրինակ, քանի որ հենց ինքն է խոստովանում, որ Թուրքիայի շնորհիվ է հաղթել պատերազմում, և հենց այդ պատերազմի շնորհիվ էլ Թուրքիան հաստատվել է Կովկասում, ընդհուպ Շուշիի հռչակագիր է կնքել Ալիևի հետ:

Ուրեմն, ի՞նչ խնդիր կա Թուրքիայի ուշադրության հետ կապված: Իսկ խնդիրը թերևս այն է, որ արձանագրելով այդ ամենը, Թուրքիան գործնականում սպառել է Կովկասում իր առանցքային խնդիրները գոնե տեսանելի ապագայի համար և ներկայումս Ադրբեջանը դիտարկում է ընդամենը պլացդարմ դեպի միջինասիական ռեգիոն, որտեղ ներկայումս ծավալվում է գլխավոր ինտրիգը:

Արցախի կարգավիճակ, Ալիևի հուզող այլ հարցեր չեն հուզում Անկարային և դրա անուղակի, սակայն խորհրդանշական վկայություն էր թերևս Ալիևի հարցազրույցին զուգահեռ թուրքական ալիքի կողային պատկերում ռեգիոնը ԼՂԻՄ սահմանագծումով: Եվ դա մի դեպքում, երբ Ալիևը հայտարարում է Լեռնային Ղարաբաղ միավոր գոյություն չունենալու մասին:

Իսկ CNN Turk-ը այդ Ալիևի հարցազրույցը ուղեկցում է նրա դեմքի կողքին ԼՂԻՄ «քարտեզագրումով»: Ավելին, Թուրքիան պատերազմով Կովկասում հաստատվելուց և Ադրբեջանում որոշիչ գերակայության հասնելուց հետո Ադրբեջանին ըստ ամենայնի «կանչում» է միջինասիական ուղղությամբ «պատերազմի պարտքը» տալու:

Եվ դրան է նաև, որ թերևս դիմադրում է Բաքուն՝ լավ պատկերացնելով այն ռիսկերը, որ առաջանալու են Թոււրքիայի հետ միջինասիական արշավի մասնակցելու դեպքում, կամ առնվազն փորձում Կովկասի հարցերում նոր աջակցություն ակնկալել Թուրքիայից, մասնավորապես Ռուսաստանի հետ առաջացող խնդիրներում: Խնդիրներ, որոնց աղբյուր կարող է լինել նաև հենց միջինասիական ուղղությամբ Թուրքիայի հետ խաղալը:

Оставьте комментарий