Համավարակի հետեւանքով ամուսնալուծությունների թիվն աճում է

Կորոնավիրուսի համավարակը մեծ ազդեցություն թողեց մարդկանց ոչ միայն ֆիզիկական, այլեւ հոգեկան առողջության վրա։ Տարատեսակ ուսումնասիրությունները ցույց են  տալիս, որ աշխարհում յուրաքանչյուր երրորդ մեծահասակ բնակիչ համավարակի հետեւանքով ծանր սթրես է տանում, մեծացել է դեպրեսիաներով, տագնապներով տառապող անձանց թիվը։

Համավարակն ազդել է նաեւ մարդկային հարաբերությունների վրա՝ կտրուկ աճել է ամուսնալուծությունների թիվը։

Լոնդոնի համալսարանական քոլեջի իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ ամեն 5-րդ բրիտանացին համավարակի ընթացքում բախվել է ամուսնալուծության խնդրին։ Ուսումնասիրություններն իրականացվել են բրիտանացի՝ 18 տարեկանից բարձր 70 հազար անձանց շրջանակում, այն ներկայացրել է The Guardian-ը։  

Մարդիկ պատմել են, թե ինչպես է ազդել կորոնավիրուսը իրենց հարաբերությունների վրա զուգընկերների, գործընկերների, հարեւանների հետ։  Հարցվածների 25 տոկոսն ասել է, որ համավարակի ընթացքում վատացել են հարաբերություններն իրենց զուգընկերոջ հետ, եւս 25 տոկոսը նշել է, որ բարդացել են հարաբերությունները գործընկերների, տնօրինության հետ։ 22 տոկոսը նշել է, որ համավարակով պայմանավորված՝ առաջացած դժվարությունների հետեւանքով ամուսնալուծվել են։

 Ընդ որում, հարցվածներից նրանք, ովքեր 18-29 տարեկան էին, երեք անգամ ավելի հաճախ են իրենց զույգերի հետ խնդիրներ ունեցել համավարակի ընթացքում, քան 60 ավելի բարձր տարիք ունեցողները։ Սակայն հարցվածների մեջ եղել են նաեւ մարդիկ, ովքեր նշել են, որ համավարակը նպաստել է իրենց եւ կողակիցների հարաբերությունների ամրապնդմանը։

Ուսումնասիրության հեղինակը ՝ բժիշկ Էլիզ Փոլը, նշել է, որ համավարակի դեմ պայքարի շրջանակներում միջոցառումները՝ մասնավորապես լոքդաունը, սթրես է առաջացրել մարդկանց մոտ՝ նպաստելով հարաբերությունների վատթարացմանը։

Սոցիալական ակտիվ կյանքից հեռու մնալը, անընդհատ տանը նստելը, ուսումնասիրության հեղինակի խոսքով, նպաստել է վեճերի ավելացմանն ամուսինների միջեւ։ Հարաբերությունների վատթարացման պատճառներից է նաեւ համավարակով պայմանավորված՝ ֆինանսական խնդիրները։

Оставьте комментарий