Մակրոնն ու Պուտինը քննարկել են Արցախը. ահա, թե ինչն է մտահոգում Ալիևին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում Աֆղանստանի և Ուկրաինայի թեմաների հետ մեկտեղ քննարկել են նաև Արցախի հարցը: Հեռախոսազրույցի մասին Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Մակրոնի խնդրանքով Պուտինը ներկայացրել է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքի մասին:

Նշվում է, որ արտահայտվել է արցախյան կարգավորման տարբեր ասպեկտների ուղղությամբ հետագայում աշխատելու երկուստեք տրամադրվածություն՝ նախ և առաջ Մինսկի խմբի շրջանակում: Ընդ որում, հատկանշական է, որ այդ դիտարկումը Կրեմլի հաղորդագրությունից է: Այսինքն, Կրեմլի հաղորդագրության մեջ նշվում է հետագա աշխատանքը «ամենից առաջ Մինսկի խմբի շրջանակում» իրականացնելու տրամադրվածության մասին:

Այլ կերպ ասած, նշմարվում է միտում, որ Ռուսաստանի հովանու ներքո եռակողմ ձևաչափը կարող է այսպես ասած բերվել դե ֆակտո Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Ընդ որում, եթե ԱՄՆ ու Ֆրանսիան այդ իմաստով ընդունում են Ռուսաստանի առանձննահատուկ դերը, որ նա ստանձնել է հենց եռակողմ ձևաչափում, ապա Մոսկվան չունի եռանախագահության ձևաչափը մերժելու էական պատճառներ: Ավելին, ունի թերևս այդ ձևաչափը ընդունելու մոտիվներ, հաշվի առնելով այն, որ դրանով Ռուսաստանը իր կարգավիճակը բարձրացնում է Թուրքիայի համեմատ: Խոշոր հաշվով, Ալիևին մտահոգում են թերևս այդ միտումները, որ դիցուկ նշմարվում են Մակրոն-Պուտին հեռախոսազրույցում, այլ ոչ թե Հայաստանին սպառազինելու հանգամանքը: Ընդ որում, այդ միտումներն Ալիևին մտահոգում են վաղուց, և մտահոգության աճն էլ վկայում է, որ աճում են նաև միտումները, որոնք կարող են լավ դաշտ բացել Հայաստանի աշխատանքի համար:

Оставьте комментарий