Զգուշավորների և վախկոտների ժամանակը

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները մի կարևոր բան էլ բացահայտեցին։ Պարզվեց, ռուսաստանաբնակ հայ օլիգարխները քաղաքական կշիռ և ազդեցություն չունեն Հայաստանում, նույնիսկ իրենց հսկայական ֆինանսական ռեսուրսների պայմաններում նրանց հովանավորած քաղաքական ուժերը չնչին քվեներ ստացան, չհայտնվեցին խորհրդարանում։ Ընտրություններից առաջ խոսակցություններ էին շրջանառվում, որ ընտրություններին մասնակցելու բուռն ցանկություն ունի նաև գործարար Ռուբեն Վարդանյանը, որը որոշակի դրական վարկանիշ էր ձևավորել Հայաստանում։ Թերևս, հաշվարկելով սեփական հնարավորությունները, իրեն բնորոշ զգուշավորությամբ կանխատեսելով անխուսափելի պարտությունը՝ Վարդանյանը չմասնակցեց ընտրություններին։

Այդ ողջ ընթացքում Ռուբեն Վարդանյանը երբեմն-երբեմն քննադատում էր գործող իշխանություններին, սակայն չափազանց զգույշ, վախվորած, բառերը չափուձև անելով։ Իսկ այժմ, երբ Փաշինյանի կուսակցությունը վերարտադրվեց, Ռուբեն Վարդանյանը սեփական կուսակցությունն է ստեղծել՝ քաղաքական նկրտումներին հագուրդ տալու համար։ Նրա նոր հովանավորյալները՝ Նիկոլ Փաշինյանի նախկին դաշնակիցներն էլ նույնպիսի վախվորածությամբ, զգույշ ու հեզաճկուն են քննադատում գործող իշխանություններին։

Ինչպես ցանկացած մեծահարուստի համար, Ռուբեն Վարդանյանի համար էլ քաղաքականությունը բիզնես է, իսկ գլխավոր նպատակն ունեցվածքը պահպանելն ու բազմապատկելն է։ Եվ այդ չարքաշ գործը գլուխ բերելու համար նա խնդիր չի տեսնում մեկ իշխանություններին գովելու, նրանց հետ սեղան նստելու, մեկ էլ մեղմիկ քննադատելու։ Այս առումով Ռուբեն Վարդանյանի քաղաքական հավակնությունները բնավ չեն տեղավորվում տրամաբանության մեջ։ Քաղաքականության մեջ հաջողելու համար պարտադիր պիտի լինի կենսական հարցերի շուրջ հստակ և հրապարակային դիրքորոշում արտահայտելը, իսկ միայն «ապրելու երկիր» գոչելը բավարար չէ։

Արամ Մակարյան

Оставьте комментарий