Արմեն Չարչյանը կկալանավորվի

Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց դատախազության բողոքը և «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին կալանավորելու որոշում կայացրեց։

Հիշեցնենք, որ դատախազությունը բողոքարկել էր առաջին ատյանի դատարանի որոշումը՝ խափանման միջոց կալանքը փոխելու մասին։ ««Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը կկալանավորվի։

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, բավարարել է Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշման դեմ դատախազության բողոքը՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը և անփոփոխ թողել մինչդատական վարույթում Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը»,-հայտնել է Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Նշենք, որ «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Չարչյանը 15 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանի պաշտպանների միջնորդությունը՝ որպես խափանման միջոց ընտրելով գրավը և ստորագրություն երկրից չհեռանալու մասին:

Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար:

Ըստ քրեական գործի նյութերի` «Հայաստան» դաշինիքի թեկնածու Ա. Չ.-ն, օգտագործելով իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, իր ղեկավարած բժշկական կենտրոնի աշխատակիցներին հարկադրել է պարտադիր կերպով մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին:

Վերջինս, մասնավորապես, հորդորել է դեմ քվեարկել գործող իշխանություններին` միաժամանակ սպառնալով, որ իր պահանջը չկատարելու դեպքում իր և ողջ տնօրինության կողմից արժանանալու են «շատ ավելի կոշտ վերաբերմունքի» և «խիստ անհամարժեք պատասխանի», և որ ինքն ու իր ղեկավարությամբ գործող ստորաբաժանումների ղեկավարները «ստուգելու են», թե ովքեր են մասնակցել ընտրություններին` ակնարկելով, որ ինքն է որոշում նրանց «սերունդների ճակատագիրը»:

Իրավաբան.net

Оставьте комментарий