Կառավարության ծրագիրը, որը հաջորդ շաբաթ կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը, հասարակական-քաղաքական շրջանակներում արեն իսկ հասցրել է տարաբնույթ մեկնաբանությունների ու վերլուծությունների առիթ հանդիսանաալ:
Հիշեցնենք, որ նորընտիր իշխանությունն իր ծրագրում՝ ի թիվս այլ հարցերի, շոշափում է նաև Սահմանադրական փոփոխություններ անցկացնելու հնարավորությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձել է թեմային՝ ասելով, որ քաղաքական, հանրային տարբեր շրջանակների հետ այդ հարցի շուրջ քննարկումներ պետք է ակցկացվեն: Իշխող թիմի անդամներն էլ պնդում են, որ սահմանադրական փոփոխություններ պետք է անցկացվեն միայն լայն կոնսենսուսի պայմաններում:
Քաղաքագետ, ՔԺԿ նախագահ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ միանշանակ է, որ գործող Սահմանադրությունը պետք է փոխվի, բայց թե ինչ պետք է ընդունվի դրա փոխարեն՝ քննարկման կարևոր հարց է. «Այս Սահմանադրությունը ճգնաժամի, չզարգանալու, կռիվներ սարքելու համար է: Սա Սահմանադրություն չէ, առաջացել է հայտնի պայմաններում ու պետք է փոխվի: Բայց թե ինչ է լինելու նորը՝ դա է քննարկման հարց»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա:
Արդյոք պետք է կառավարման մոդելի փոփոխություն, հարցին ի պատասխան, Շիրինյանն ասաց. «Իմ կարծիքով՝ ո՛չ, մոդելը չպետք է փոխվի, բայց պառլամենտարիզմը պետք է իսկակական դառնա: Իմ տեսակետը այդ հարցի շուրջ հայտնի է: Իհարկե վտանգավոր է, որ ամեն հաջորդ ղեկավար Սահմանադրություն է փոխում, բայց սա էլ չի աշխատում՝ ճգնաժամ առաջացնող է: Հիմա պետք է ճիշտ ընտրություն արվի: Ես ինքս գերմանա-ավստրիական պետական մոդելի կողմնակից եմ:Պառլամենտարիզմ, բայց կոչվում է կանցլերական դեմոկրատիա: Պետք է լավ խորհրդարանական համակարգի մոդել ընտրել, որն էլ գերմանականն ու ավստրիականն է»:
Ինչ վերաբերում է հանրային կոնսեսուսին, մեր զրուցակիցն ասաց՝ ռևանշիստների նպատակն իշխանափախությունն է, նրանց Սահմանադրությունն ու Հայաստանի Հանրապետության զարգացումը չի հետաքրքրում. «Իշխանափոխություն, որի նպատակները պարզ են՝ Հայաստանի պետականության լիկվիդացիա: Նրանք դրա համար են եկել: Պուտինի հանդեպ իրենց երդումը դրանով կատարած կլինեն ու քրեական պատասխանատվությունից վերջնականապես կխուսափեն: Իրենց նպատակները հայ ժողովրդի նպատակների հետ կապ չունեն»,-եզրափակեց նա:
Հեղինակ՝ Մարիամ Գրիգորյան