Ինչո՞ւ «ֆրանսիացին» չհանդիպեց Վազգեն Մանուկյանին

Մի քանի օր է, ինչ համացանցը «ցնցված է»: Լույսի արագությամբ տարածվում է Ավետիք Իշխանյանի «Հայացք ապագայից» հոդվածը: Հանուն արդարության նշենք, որ պրն Իշխանյանը հասել է նպատակին, այսինքն՝ նրա գործածած հնարքը՝ ֆեյք ֆրանսիացու անունից իր մտքերը հրամցնելը, աննախադեպ արձագանք է ունեցել:

Համոզված ենք՝ եթե չլիներ Անտուան Դյուբուա «ֆրանսիացի լրագրողը», սոցցանցերի օգտատերերը բանի տեղ չէին դնի սույն գրվածքը: Թեպետ ողբի և ինքնախարազանումի ժանրը ծաղկում է համացանցի տիրույթում, բայց օգտատերերից յուրաքանչյուրն իր շնորհքն է ձգտում ցուցադրել: Բայց դե օտարի ողբն ուրիշ է, և անգամ գրագետ օգտատերերն են ընկնում Իշխանյանի ծուղակը:

Անշուշտ, հեղինակի իրավունքն է որևէ մեկի անվան տակ ստեղծագործելը և ֆուտուրիստական ժանրին դիմելը:

Մեզ ուրիշ բան է հետաքրքրում: Փաստորեն «ֆրանսիացին» վերջին տարիներին մի քանի անգամ այցելել է Հայաստան: Ավ. Իշխանյանը նրան «ուղեկցել» է ամենուրեք՝ Նիկոլ Փաշինյանի մոտից մինչև հարսանիք: Սակայն որևէ հանդիպում չի կազմակերպել սեփական փեսայի՝ ընդդիմության առաջնորդ Վազգեն Մանուկյանի հետ: Շատ հետաքրքիր կլիներ, թե խորաթափանց Դյուբուան ինչ տպավորություններ կստանար հազարամյակների պատմություն ունեցող հայ ժողովրդի ընդդիմության տվյալ պահի առաջնորդի մարդկային և քաղաքական որակներից:

Թերևս աներձագ Իշխանյանը անհարմար է զգացել ֆրանսիացու անունից գովերգել փեսային, թերևս վախեցել է համաշխարհային ազգի հոր՝ ավերել-վառելու գաղափարները քաղաքակիրթ եվրոպացուն ներկայացնելուց: Ի՞նչ իմանանք…

Օգտակար կլիներ նաև, եթե «ֆրանսիացին» հանդիպեր մի իրավապաշտպանի հետ, որ Վազգեն Մանուկյանի գլխավորած շարժման (ՀՓՇ) կենդանության օրերին կոչ էր անում ոչնչացնել յուրաքանչյուրին, ով համաձայն չէ իրենց հետ և պայքարին չմիացած ժողովրդին անվանում էր ժեխ: Ուրեմն ի՞նչ կասեր Անտուան Դյուբուան Վազգեն Մանուկյանին և նշյալ իրավապաշտպանին հանդիպելուց հետո…

Оставьте комментарий