Ինտրիգային զարգացում Սյունիքի ուղղությամբ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 12.4 տոկոսի բաժնետեր «Զանգեզուր մայնինգ» ընկերությունը, որի սեփականատերը Ռուսաստանի առողջապահության ու սոցիալական զարգացման նախկին նախարար Միխայիլ Զուրաբովն է, դատական երկու հայցեր է ներկայացրել կոմբինատի ու նրա մյուս բաժնետիրոջ դեմ։ Զուրաբովը պահանջում է համապատասխան առքուվաճառքի գործարքը, որով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հետ է գնել կոմբինատի բաժնետոմսերի շուրջ 75 տոկոսը, անվավեր ճանաչել։

Զուրաբովը Կապանի կոմբինատի բաժնեմաս ձեռք է բերել 2020 թվականին՝ «Զանգեզուր մայնինգի» և Կիպրոսում գրանցված Wanlort Finance Limited ընկերության միջոցով։ Հետագայում կոմբինատը իր մյուս բաժնետերերից՝ գերմանական «Քրոնիմետ մայնինգից» ու մեկ այլ բաժնետեր՝ «Մաքուր երկաթի գործարանից» հետ է գնել բաժնետոմսերը, այդպիսով տնօրինելով իր բաժնետոմսերի 75 տոկոսը: Զուրաբովի 12,5 տոկոսից բացի, կոմբինատի այդքան բաժնեմաս ունի նաև մեկ այլ ընկերություն՝ ԱՄՓ հոլդինգը, որի բաժնետերերն են Սյունիքի նախկին մարզպետ, ներկայումս Հայաստան դաշինքի խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի եղբայրը՝ Կարեն Հակոբյանը, ԶՊՄԿ նախկին գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովն ու Գուրգեն Ամբարյանը՝ Պոլոսկովի տեղակալը։

Մեկ այլ հայց էլ ներկայացված է Մհեր Պոլոսկովի, Կարեն Հակոբյանի ու Նարեկ Ամբարյանի դեմ դարձյալ բաժնեմասի օտարման պարագայում նախապատվության իրավունքի թեմայով: Այն, որ Զանգեզուրի կոմբինատը Հայաստանում ավելի քան երկու տասնամյակ կառավարած տնտեսա-քաղաքական համակարգի բավականին խորհրդավոր և նշանային օբյեկտ է, վկայում են դրա շուրջ տարիների ընթացքում ծավալված իրադարձությունները, սկսած կոմբինատի խորհրդավոր սեփականաշնորհումից, որի վերաբերյալ բազմաթիվ տպավորիչ ելույթներ ունի այդ ժամանակ ընդդիմադիր Արտաշես Մամիկոնի Գեղամյանը, որը հետո հանգրվանեց իշխանության շարքերում: Ի դեպ, գուցե հետաքրքիր տեղեկություն է և այն, որ համաձայն մամուլի հրապարակումների՝ Զուրաբովը նաև շվեյցարական Exoil group ընկերության տնօրենների խորհրդի անդամ է։ Այս ընկերության տնօրենների խորհրդում է նաև Արթուր Վանեցյանի հորեղբոր որդին՝ Կարեն Վանեցյանը»:

Միաժամանակ, կոմբինատը խոշորագույն նշանակություն ունեցող օբյեկտ է թե Հայաստանի տնտեսության կառուցվածքում, թե նաև մասնավորապես Սյունիքի մարզում, լինելով ըստ էության ավելին, քան զուտ տնտեսական խոշոր միավորը: ՌԴ նախկին նախարարի դատական հայցը փաստացի կոմբինատի հսկիչ փաթեթի հանդեպ հավակնության մասին է, ինչը բավականին ուշագրավ շերտեր կարող է պարունակել, հաշվի առնելով այդ շերտերում Հայաստանի տնտեսա-քաղաքական նախկին կառավարող համակարգի շահերը և ներկայացվածությունը: Այդ ամենում նաև կա մեկ այլ ուշադրության արժանի հանգամանք: Ընթացիկ տարվա մարտին Միխայիլ Զուրաբովին կառավարությունում ընդունել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քննարկելով Հայաստանում ներդրումային հեռանկարներ: Այդ հանդիպման հնարավոր տնտեսա-քաղաքական «արձագանքների» վերաբերյալ դիտարկումներ արել էի այդ առիթով հրապարակված՝ «Ինչ են քննարկել վարչապետ Փաշինյանն ու ռուսաստանցի նախկին նախարարը» հոդվածում: Ահա այդ համատեքստում, Զուրաբովի ընկերության ներկայացրած դատական հայցն ու հավակնությունը դառնում են առավել ինտրիգային:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Հեղինակ՝ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Оставьте комментарий