Շշեր նետելու և շշերը հավաքելու ժամանակը

Հայաստանի խորհրդարանում կառավարության ծրագրի ներկայացման և քննարկման երկրորդ օրը գերազանցեց առաջինին: Գերազանցեց իհարկե ոչ թե քննարկումների բովանդակությամբ, այլ անբովանդակ աղմուկի աստիճանով, որը բառի բուն իմաստով վերածվեց ծեծկռտուքի այն բանից հետո, երբ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը շիշ նետեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ուղղությամբ: Դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Հայկ Սարգսյանը ելույթ էր ունենում և խոսում այն մասին, որ պետական դավաճան են պաշտպանության բոլոր այն նախարարները, որոնց ժամանակ փողով ազատվել են բանակում ծառայելու պարտավորությունից: Դրան հաջորդել էր Սեյրան Օհանյանի արձագանքը, թե դավաճանը Հայկ Սարգսյանն է, որին հաջորդեց Սարգսյանի՝ «քո հետ ե՞մ, արա» արտահայտությունը և շշի նետումը Սարգսյանի ուղղությամբ:

Իրականում, շիշը նետվել է իհարկե Հայաստանի հանրության և պետության ուղղությամբ, և նետվել է թերևս վաղուց, մեծ հաշվով արցախյան առաջին պատերազմի հաղթանակից հետո, երբ քարերը հավաքելու փոխարեն, սկսեցին նետվել հանրության կողմ՝ նախ ռազմաֆեոդալական, հետո քրեաօլիգարխիկ տրամաբանությամբ իշխանության յուրացումը հանրության օրինական և իրավական պահանջներից պաշտպանելու համար: Հիմա նույնիսկ նետելու քար չի մնացել, մնացել են շշերը՝ պլաստիկե շշերը: Այժմ պետք է մտածել գոնե շշերը հավաքելու մասին, որպեսզի Հայաստանը վերստին ստանա քարերը հավաքելու ժամանակ և հնարավորություն:

Այն, ինչ կատարվում է Հայաստանի խորհրդարանում, ուղղակի հերթական ահազանգն է Հայաստանի, և թերևս համայն հայության համար: Հայաստանին անհրաժեշտ են նոր որակի հասարակական-քաղաքական միավորներ, սկզբունքորեն նոր որակի և տրամաբանության, ոչ թե միայն նոր փաթեթավորումով: Հայաստանի համար ինչպես տնտեսության, այդպես էլ քաղաքականության ոլորտում կենսական անհրաժեշտություն են «ստարտափերը», հակառակ պարագայում պետությունը անկարող է լինելու կառուցել երկարաժամկետ դիմադրունակություն այն բարդ աշխարհաքաղաքական միջավայրում, որ առկա է ռեգիոնում և աշխարհում լայն իմաստով: Հայաստանի թիվ մեկ քաղաքական օրգանը՝ խորհրդարանը, ունակ չէ ավելիի, քան այն, ինչ դրսևորվում է այս օրերին: Ամբողջ հարցն այն է, թե Հայաստանում և համայն հայության շրջանակում ով կամ ովքեր են ավելիի ունակ, բացի իհարկե խորհրդարանում եղած պատկերից ախ ու վախ անելուց և «գլուխը հողի» մեջ թաղելուց:

Հեղինակ՝ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Оставьте комментарий