Այն ժամանակ մենք թուրքերին հաղթել էինք, տարածքները մերն էին, հիմա պարտվել ենք. Իսկ պարտվել ենք Հյուսիս-հարավի փողերը լափածների մեղքով … Գրիգոր Հարությունյան

«Գորիս-Կապան ճանապարհի այն հատվածը, որը մոտ երկու օր է՝ փակ է, 92-93 թվականներին՝ պատերազմի ժամանակ, այդ ճանապարհն ընդհանրապես փակ էր, և տեղաշարժը կրկին իրականացվում էր Տաթև-Աղվանի ճանապարհով, որն այս պահին մինչև Աղվանի ոլորան շատ լավ ասֆալտապատված է»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց ՀԺԿ ներկայացուցիչ Գրիգոր Հարությունյանը, որը Մեղրիից է։

Նա նշեց, որ այս պահին, իր տեղեկություններով, մոբիլիզացնում են տարածաշրջանի ճանապարհաշինական կազմակերպություններին, լսել է նաև, որ աշխատանքներին ներգրավվելու է նաև Մեղրիի ճանապարհաշինական կազմակերպությունը, որը Հայաստանի լավագույն կազմակերպություններից մեկն է, և ճանապարհը արագ կսարքեն։

«Դա հիմա ավելի շատ ռուսների խնդիրն է, դա ռուսների դեմ ուղղված խնդիր է, տնտեսապես մենք ենք տուժում, բայց քաղաքականապես այսօր ռուսները խայտառակ վիճակում են։ Փաստորեն, իրենք, առանց ռուսներին տեղյակ պահելու, դրել-փակել են։ Ես ճանապարհը փակելուց մեկ օր առաջ եմ եկել Երևան, այնտեղ ռուս սահմանապահներն էին կանգնած, ադրբեջանցի չէր երևում։ Մենք գիտեինք, որ այդ ճանապարհի որոշ հատվածներ դեռևս խորհրդային տարիներին Ադրբեջանի տարածքով էին գալիս։ Էդ 21 կիլոմետրը, որ ասում  են, այդ 21 կմ-ի վրա այդպիսի հատվածներ կան։ Հիմա այդ հատվածներում կարելի է շրջանցող ճանապարհներ կառուցել, բայց գործողը չի կարելի երբեք թողնել իրենց։ Մեծ մասը մեր տարածքն է. մենք ինչո՞ւ պիտի թողնենք անտերության։ Այդ հատվածի վրա թող ուժեղացված սահմանապահ զորքեր տեղադրվեն, տարբերակներ շատ կան»,- ասաց Գրիգոր Հարությունյանը։

Նա նշեց, որ այսօր այս իրավիճակով ադրբեջանցիները շատ մեծ վնաս են տալիս նաև Իրանին, որովհետև այդ մեծ բեռնատարներով եկող բեռները միայն Հայաստան չեն գալիս, այլ գնում են նաև դեպի Վրաստան, և դա արված է նաև Իրանի դեմ։

«92-93 թվականներին ես քանի անգամ ընտանիքով գնացել եմ Տաթև-Աղվանի ճանապարհով, իսկ Երասխում, որ կրակում էին, Վեդիի գյուղերով էինք գնում։ Եղել է, սա նոր բան չի, հիմա այսպիսին է իրավիճակը։ Այն ժամանակ մենք թուրքերին հաղթել էինք, անվտանգ էր, տարածքները մերն էին, հիմա  եղել է պատերազմ, մենք պարտվել ենք այդ պատերազմում։ Եվ պարտվել ենք այն սրիկաների մեղքով, որ ամբողջ երկիրը թալանել են, բանակը թալանել են, էդ գրաված տարածքները թալանել են և պաշտպանական գծեր կարգին չեն ստեղծել, մեր երեխեքն էլ գնացին-կոտորվեցին։ Հիմա էլ վեր են կացել, դուրս են տալիս, որ մենք չենք եկել ԱԺ աշխատելու, մենք եկել ենք խանգարելու համար։ Բա դրանք էս ազգի թշնամի չե՞ն, բա ձեզ ժողովուրդը 200 հազարից ավելի ձայն է տվել ինչի՞ համար, որ գաք պառլամենտում շոուներ սարքե՞ք։ Նրանց պետք է դատեն, որովհետև այս ամենի համար պատասխանատուն իրենք են, իրենք գործող իշխանություն են եղել։ Սա միայն այսօրվա իշխանությունների հարցը չի, որ ուզում են ջարդել նրանց վրա, ընդհակառակը, էլի այս իշխանություններն են ուզում ինչ-որ բան արած լինել»,- ասաց Գրիգոր Հարությունյանը։

Վերջինս նշեց, որ որևիցե մեկի մտքով թող չանցնի, որ եկել-փակել են այս ճանապարհը, ուրեմն պիտի թողնվի թուրքերին, դա բացառվում է, այդ  ճանապարհը պետք է լինի Գորիս-Կապանի համար ռազմական ճանապարհ։

Վերջինս տեղեկացրեց, որ Խորհրդային Միության ժամանակ այդտեղ թուրքի գյուղ կար, և իրենք այն ժամանակ այդ գյուղի միջով էին անցնում, իսկ 90-ականների պատերազմի ժամանակ նրանք թողեցին փախան։  

Գրիգոր Հարությունյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր ասում՝ կանխատեսում էին, որ մի օր կարող էր  այսպիսի բան լինել, և արդեն Տաթևից մինչև Աղվանի ճանապարհի շինարարությունը սկսվել է։

Այնուհետև նա նշեց, որ նախկին իշխանությունները թող պատասխանեն՝ ինչո՞ւ Հյուսիս-հարավ ճանապարհը սկսեցին Արարատյան դաշտից, եթե Քաջարան-Սիսիանը գոնե սարքած լինեին, մենք այսպիսի պրոբլեմի առաջ չէինք կանգնի, դրա համար պիտի պատասխան տան։ 

«Եկան, փողերը լափեցին Արարատյան դաշտում  և դեպի Գյումրի գնացող հատվածի. ճանապարհը պետք է սկսեին դժվարանցանելի տեղերից, չարեցին»,- ասաց Գրիգոր Հարությունյանը։

Լիլիթ Թադևոսյան

Оставьте комментарий